Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, պատասխանելով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների (Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի) հարցերին, ասել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը միարժեքորեն ստորագրվելու է։
Միաժամանակ նա չի բացառել, որ դա կարող է լինել ոչ թե նոյեմբերի վերջին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, այլ ավելի ուշ։ Յոհանես Հանը չմատնանշեց, թե ինչու կարող է հետաձգվել համաձայնագրի ստորագրումը, կրկին ընդգծեց, որ միարժեքորեն կստորագրվի:
Հանձնակատար Հանը նաև նշեց, որ մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների համար Հայաստանին տրվող բյուջետային աջակցության պայմանները լինելու են խիստ և թերացումներն աչքաթող չեն արվելու։