Իրանը սատարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը` Թեհրանում Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Tasnim-ը:
Նրա խոսքով՝ Իրանը միշտ սատարել է և կսատարի Իրաքի կառավարությանը և ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում և կպաշտպանի Իրաքի տարածքային ամբողջականությունը: Իրաքի վարչապետն ահաբեկչությունը բոլոր երկրների համար ընդհանուր վտանգ է անվանել և ասել, որ Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը կարողացել են հասնել ահաբեկչության դեմ հաղթանակների` միասնության և կայունության շնորհիվ: Նույն օրն Իրաքի վարչապետը հանդիպել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի հետ, որն Իրաքի կառավարությանը խորհուրդ է տվել չվստահել ԱՄՆ-ին: «Ամերիկացիներն իրենք են ստեղծել «Իսլամական պետությունը», բայց հիմա, երբ Իրաքը հաղթել է ահաբեկիչներին, նրանք ձևացնում են, թե աջակցում են Իրաքին»,- ասել է Խամենեին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը, անկասկած, կրկին հարված կհասցնի Իրաքին, երբ նման հնարավորություն ստեղծվի: