Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում` հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հինգշաբթի օրը Տալլինում:
Պատասխանելով Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին մասնակցող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցին, որն առնչվում էր փաստաթղթի ստորագրման հարցով Հայաստանում առկա որոշակի մտավախություններին, Հանը հայտարարել է․ «ՈՒզում եմ սկզբից ևեթ հստակ ասել, որ Հայաստանի հետ պայմանագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա, և գրեթե հաստատ է, որ դա տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում կամ հենց գագաթնաժողովի ժամանակ: Սա հստակ է: Դրա շուրջ որևէ քննարկում չկա»: Հանձնակատարն ընդգծել է, որ առաջին անգամ ԵԱՏՄ անդամ երկիրը նման համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ, ինչը ցույց է տալիս, որ «համակեցությունը հնարավոր է»: «Սա կարող է օրինակ ծառայել մյուսների համար»,- հավելել է Հանը:
Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, իր հերթին, իր ֆեյսբուքյան էջում այսօր հաստատել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, և այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: