Ռուսաստանն ընդլայնել է արևմտյան երկրների դեմ պատժամիջոցների ցանկը՝ արգելելով ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Կանադայից և մի շարք այլ երկրներից կենդանի խոզերի և ենթամթերքների ներկրումը: «Ռուսաստան ներկրման համար արգելված գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և մթերքի ցանկում են ներառվել կենդանի խոզերը, ենթամթերքների և գյուղատնտեսական կենդանիների ճարպերի առանձին տեսակներ: Ապրանքների ներկրման համար սահմանված սահմանափակումները չեն անդրադառնա Ռուսաստանի ներքին պահանջարկի ապահովման վրա»,- նշված է կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։
Սննդամթերքի էմբարգոյի ընդլայնված ցանկը գործելու է մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ը՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նորվեգիայի, ՈՒկրաինայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի, Իսլանդիայի և Լիխտենշտեյնի նկատմամբ:
Հուլիսին Ռուսաստանի իշխանությունները երկարաձգել էին սննդամթերքի էմբարգոյի նախկին տարբերակը մինչև 2018-ի վերջ: