Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ջեմ Oզդեմիրը դեմ է Գերմանիայի էրդողանացմանը

Ջեմ Oզդեմիրը դեմ է Գերմանիայի էրդողանացմանը
27.10.2017 | 18:46

Գերմանիայի ԱԳ հնարավոր նախարար Ջեմ Oզդեմիրը սարսափելի երազ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար, նշում է բուլղարական «168 ժամ» պարբերականը: Գերմանացի բոլոր քաղաքական գործիչներից Oզդեմիրին Թուրքիայում ամենից շատ են ատում: Վերջին տարիների իր գրեթե բոլոր հարցազրույցներում Oզդեմիրը հրապարակային վիրավորում է Էրդողանին՝ նրան բռնապետ և առևանգող անվանելով՝ քաղաքական դրդապատճառներով Գերմանիայի քաղաքացիներին կալանավորելու պատճառով: Ավելի հավանական է դառնում սցենարը, որ Անգելա Մերկելի նոր կառավարության կազմում ԱԳ նախարար կդառնա հենց Ջեմ Օզդեմիրը:

«Էրդողանը ոչ թե նախագահ է, այլ առևանգող: Իրադրությունն այնքան լուրջ է, որ ես ոչ մի մարդու հանգիստ խղճով չեմ կարող ասել, որ նա Թուրքիայում անվտանգության մեջ կլինի: Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել Գերմանիայում թուրքական մզկիթներ ֆինանսական հոսքը: Մենք այլևս չենք կարող հանգիստ հետևել, թե Էրդողանն ինչպես է փորձում Թուրքիայում զուգահեռ հասարակություն ստեղծել»,- ասել է Օզդեմիրը վերջին հարցազրույցներից մեկում: Եթե Օզդեմիրը նախարար դառնա, կլինի Գերմանիայում առաջին ներգաղթյալ ԱԳ նախարարը: Նրա հայրը թուրք չերքեզներից սերող արտագնա աշխատող է եղել: Նա կնոջ հետ Բադեն Վյուրտեմբերգի դաշնային հողեր է եկել 60-ականների սկզբին: Վերջին տարիներին Օզդեմիրը մի քանի անգամ ոստիկանական անհատական հսկողությամբ է ապրել մահվան սպառնալիքների պատճառով, որ հետևել են Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, որի նախաձեռնողներից մեկն էր: Oզդեմիրը «Կանաչների» շարքեր է ընդունվել 16 տարեկանում: 1994-ին նա ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր` համալրելով «Կանաչների» արտաքին քաղաքականության քննադատության «ծանր հրետանին»: 2002-ին նա անսպասելի հայտնվել է PR խորհրդատու Մորից Հունցինգերից ստացած 80 հազար եվրո փոխառությանն առնչվող սկանդալի կենտրոնում, որից հետո հրաժարվել է խմբակցության խոսնակի պաշտոնից և մանդատից:
«Կանաչները» 2 տարի հետո նրան նոր հնարավորություն են ընձեռել: Նա առաջադրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր, որտեղ աշխատել է մինչև 2009-ը և դարձել է ԵՄ արտաքին քաղաքականության մեջ «Կանաչների» դիրքորոշման պաշտպաններից մեկը: 2008-ին Օզդեմիրն առաջադրվել է կուսակցության առաջնորդի պաշտոնի համար Ռայնհարդ Բյուտիկոֆերի հեռանալուց հետո: Ձայների 75 տոկոսը ստանալով՝ նա Կլաուդիա Ռոտի հետ դարձել է կուսակցության համանախագահը: Հիմա Oզդեմիրը 51 տարեկան է: Նա հիշում է, թե դպրոցում ինչպես էին իրեն ստիպում Պորտուգալիայից մեկ այլ միգրանտի հետ նստել վերջին նստարանին: Երբ նա 4-րդ դասարանում էր, ուսուցիչը հարցրել է՝ ով է ցանկանում ուսումը շարունակել վարժարանում, Oզդեմիրը ձեռք է բարձրացրել: ՈՒսուցիչն ու համադասարանցիները սկսել են բարձր ծիծաղել: «Սա ես երբեք չեմ մոռանա»,- մի անգամ խոստովանել է Օզդեմիրը:


Նա վարժարան չի գնացել, հայտնվել է ուսումնարանում՝ դառնալով սոցիալական մանկավարժ: Հիշում է, որ երբ համակուրսեցիները արձակուրդի ժամանակ դետեկտիվ վեպեր էին ընթերցում, ինքն ամեն տեղ իր հետ «Ֆաուստն» էր տանում:
Նա գերմանական անձնագիր է ստացել 1983 -ին և տեղական երիտասարդական կենտրոնում դաստիարակ է աշխատել և ազատ լրագրող: Նա իրեն «աշխարհիկ մուսուլման» է համարում: Ամուսնացել է արգենտինական ծագմամբ լրագրողի հետ և 2 երեխա ունի:

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ