Թուրքիայի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Կատալոնիայի ղեկավարության՝ անկախություն հռչակելու որոշումը, աջակցությունն է հայտնել Իսպանիայի իշխանություններին ու նշել, որ Կատալոնիայի խորհրդարանի որոշումը միակողմանի է ու անօրինական:
Ըստ Թուրքիայի՝ Կատալոնիայի խորհրդարանի որոշումը չի արտացոլում տարածքի ժողովրդի ազատ կամքը և հակասում է Իսպանիայի Սահմանադրությանը: Թուրքիայի ԱԳՆ-ն վստահություն է հայտնել, որ «բարեկամ Իսպանիան կարճ ժամանակում կհաղթահարի ճգնաժամն ու ճիշտ լուծում կգտնի օրենքի գերակայության շրջանակներում»:
Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու Մադրիդի պահանջից:
Հոկտեմբերի 27-ի նիստում Իսպանիայի Սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանն իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ կառավարում հաստատելուն: