ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան հրաժարվել են ճանաչել Կատալոնիայի անկախությունն ու հայտարարել են Իսպանիայի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին: ԱՄՆ-ի նախագահի մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ Սպիտակ տունը վերահաստատում է միացյալ Իսպանիային աջակցությունը: Գրեթե նույն հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ Նա նշել է, որ Ֆրանսիան չի ընդունում Կատալոնիայի ընդունած անկախության հռչակագիրն ու պատրաստվում է երկխոսություն վարել միայն պաշտոնական Մադրիդի հետ: Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնել Կատալոնիայում կատարվող իրադարձությունների առնչությամբ ու ցանկություն հայտնել տեսնել Իսպանիան ուժեղ ու միասնական:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարությամբ իր աջակցությունն է հայտնել Իսպանիայի իշխանություններին, իսկ կատալոնական անկախության հանրաքվեն անվանել է անօրինական:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի խոսնակ Շտեֆեն Զայբերտը Twitter-ում նշել է, որ Իսպանիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը մնում են անձեռնմխելի, իսկ Կատալոնիայի հանրաքվեն խախտում է այս սկզբունքը: Նա նաև կոչ է արել կողմերին օգտագործել բոլոր հնարավորությունները կառուցողական բանակցություններ վարելու համար: Գերմանիայի ներկայացուցիչը նաև շեշտել է, որ իրենք աջակցում են սահմանադրական կարգի վերականգնման հարցում Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի դիրքորոշումը:
Կանադայի ԱԳ նախարարի ներկայացուցիչ Էնդրյու Լեսլին նշել է, որ իրենք կողմ են միացյալ Իսպանիային ու չեն ցանկանում միջամտել երկրի ներքին գործերին: