«Այսօր ես եկել եմ ասելու ձեզ՝ օգնությունը ճանապարհին է»` ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթնաժողովում` ազդարարելով Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության արմատական փոփոխության մասին, ՄԱԿ-ը, Փենսի խոսքով, լիարժեք չի կատարում իր առաքելությունը: Արդյունքում տարածաշրջանում փոքրամասնություն կազմող քրիստոնյա համայնքներին ամերիկյան օգնությունը գրեթե չի հասնում. «Մերձավոր Արևելքի մեր քրիստոնյա բարեկամները չպետք է ապավինեն միջազգային կազմակերպություններին: ԱՄՆ-ը կարող է նրանց ուղղակի օգնել: ՈՒստի պատիվ ունեմ հայտարարելու, որ նախագահ Թրամփը հրահանգել է պետքարտուղարությանը դադարեցնել ՄԱԿ-ի անարդյունավետ օգնության ֆինանսավորումը: Այսուհետ ԱՄՆ-ը ուղղակի օժանդակություն կտրամադրի այդ համայնքներին»: Թրամփի վարչակազմի որոշումը լայն աջակցություն է գտել ոչ միայն գագաթնաժողովին ներկա Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների, այլև ամերիկյան օրենսդիրներից շատերի կողմից: Կոնգրեսական Քրիս Սմիթի խոսքով, դա թույլ կտա քրիստոնյաներին իրական օգնություն ստանալ.«Քրիստոնյաները չէին այցելում ՄԱԿ-ի օգնության կետերը, քանի որ քրիստոնյա կանանց նկատմամբ կարող էին բռնություն կիրառել, իսկ տղամարդկանց ծեծի ենթարկել կամ սպանել: Նման կետերից շատերում նրանց մահացու վտանգ էր սպառնում»:
Իր ելույթում փոխնախագահ Փենսը հիշեցնում է, որ քրիստոնեությունը տարածվել է հենց Մերձավոր Արևելքից. «Սիրիայի սարերում, Լիբանանի հովիտներում, Նինվեի հարթավայրերում, Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսի և Եփրատի ափերից մինչև Նեղոսի դելտա մեր հավատքի հայրերն ու մայրերը քրիստոնյա հավատքի սերմերն են տնկել»: Իր ելույթում Մայք Փենսն ընդգծում է՝ ամերիկյան աջակցությունը վճռական է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պահպանման համար. «ԱՄՆ-ը միշտ կսատարի նրանց, ովքեր տառապանքներ են կրում իրենց հավատքի համար: Մենք միշտ նրանց սատար ենք կանգնելու»: