Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության և զբոսաշրջության նախարար Թուգելբայ Կազակովին պաշտոնանկել են զմռսված դիակի հուղարկավորության սկանդալից հետո, որն ստացել էր «Բատկենի կույս» անվանումը: Նախարարի պաշտոնանկության հրամանն արձակել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Ղրղզստանում թանգարանային նմուշի սկանդալը ծագել է հոկտեմբերի կեսերին: Մշակույթի նախարարությունը որոշում էր կայացրել հուղարկավորել պատմության պետական թանգարանում պահվող զմռսված դիակը, որը հայտնաբերվել էր 1956-ին Բատկենի մարզում խորհրդային գիտնականների պեղումների ժամանակ: Վերջին տարիներին մուսուլմանական հանրությունը և էքստրասենսները բազմիցս իշխանություններից պահանջում էին հուղարկավորել ցուցանմուշը:
Նրանց կարծիքով՝ 2005-ի և 2010-ի ղրղզական հեղափոխությունները, տնտեսական դժվարությունները և բնական կատակլիզմները Բատկենի կույսի անհանգիստ «հոգու դժգոհության» արտահայտությունն են: Կույսը հուղարկավորվեց Բատկենի մարզում՝ մուսուլմանական ավանդույթներով: Մշակույթի նախարարությունն իր որոշումը բացատրել է ցուցանմուշի վատ վիճակով և հանրապետությունում հետազոտություն անցկացնելու հնարավորությունների բացակայությամբ: