Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրամանագիր է ստորագրել «Պատմության և նախնիների հիշատակի օրեր սահմանելու մասին», որի համաձայն՝ նոյեմբերի 7-ին և 8-ին երկրում կնշեն 1916 թ. Ռուսական կայսրության դեմ ապստամբության օրը: Հրամանագրում նշված է, որ «1916 թ. ազգային ազատագրական ապստամբությունից հետո Հոկտեմբերյան հեղափոխությունը ղրղզ ժողովրդի համար նախադրյալներ է ստեղծել սեփական պետականության վերականգնման համար»:
«Ժողովրդի ազատության ձգտումը 1916 թ. իրադարձությունների հիմնական շարժիչ ուժն է եղել: Ցարական դահիճների կողմից ապստամբության դաժան ճնշումը, խաղաղ բնակիչների հանդեպ արյունոտ հաշվեհարդարի և օտարության մեջ նրանց հարկադիր փախուստի մեծաթիվ դեպքերը Ղրղզստանի ժողովրդին դրել է գոյատևման եզրին»,- ասվում է փաստաթղթում: 1916 թ. ապստամբությունը Միջին Ասիայում սկսվել է Սամարղանդի մարզում: Պատճառ է հանդիսացել 19-43 տարեկան տղամարդկանց ճակատամերձ շրջաններում թիկունքային աշխատանքներում ներգրավելու հրամանագիրը: Դժգոհությունը պայմանավորված է եղել չքավորությամբ և կազակների զինված ջոկատների և նոր ներգաղթյալների վեճով: Ապստամբության ճնշումը հանգեցրել է մեծաթիվ զոհերի բնակչության շրջանում: