ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը գիտակցում է, որ Ազգային ժողովում քննարկվող 2018-ի բյուջեի նախագծում ժողովրդի համար հաճելի դրույթ չկա: Նա ժողովրդին հորդորում է չհուսահատվել, ևս մի քանի տարի սպասել: Նա կարծում է, որ կառավարության ներկայացրած բյուջեն պետք է ընդունել որպես ճշմարտություն, իսկ Հայաստանում օրեցօր արձանագրվող թանկացումների վերաբերյալ դժգոհություններն ու բողոքներն ուղղել ճիշտ հասցեով:
«Թանկացումները գալիս են արտասահմանից, բայց պատասխանը հետևյալն է՝ մեր ժողովուրդը չի կարող ապրել, բայց մենք պետք է կարողանանք ձևը գտնել ու ժողովրդին ցույց տանք մոտեցում՝ ինչպես ապրեն»,- ասաց Գալուստ Սահակյանն ու մատնացույց արեց լավ ապրելու իր մոտեցումը, երբ չի նախատեսվում թոշակների և աշխատավարձերի բարձրացում. «Եթե ուզում ենք տարիներ հետո էնպիսի աշխատավարձ ունենանք, որ թոշակներ բարձրացնենք, պիտի կարողանանք էնպիսի հիմքեր ստեղծենք, որ դրան կարողանանք հասնել: Այս անգամ կառավարությունը գտնում է, որ այս երեք տարին այդպես պիտի լինի, բայց պիտի գա ժամանակաշրջան, որ բարձրանան թոշակներն ու աշխատավարձերը: Սա տնտեսագիտական ճիշտ տեսակետ է, որը չի բավարարում ժողովրդին: Էն ինչը, որ կառավարությունը բերել է, պետք է ճշմարիտ ընդունել, բայց էն ինչը, որ պիտի հաճելի լինի ժողովրդի համար, այդ հաճույքը չկա այս դեպքում»: