Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Համշենում բողոքի ցույցեր են տեղի ունեցել համշենահայ գործիչների կալանավորման դեմ

Համշենում բողոքի ցույցեր են տեղի ունեցել համշենահայ գործիչների կալանավորման դեմ
30.10.2017 | 19:37

Թուրքիայի Արդվին նահանգի Խոպա քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել համշենցի մտավորականներ Ջեմիլ և Նուրջան Աքսուների կալանավորման դեմ: Բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը փորձել է միջամտել, ի պատասխան համշենցի ակտիվիստները դիմադրություն են ցույց տվել, ձերբակալվել է 12 մարդ` տեղեկացնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը։ Օրեր առաջ Աքսուի տան վրա ոստիկանական գրոհ է կազմակերպվել, վաղ առավոտյան խուզարկվել էր Աքսուի և նրա կնոջ՝ նույնպես համշենցի ակտիվիստ Նուրջան Վայիչ Աքսուի բնակարանը։ Նուրջան Վայիչ Աքսուն ձերբակալվել էր, իսկ նրա համակարգիչն ու անձնական գրքերն առգրավվել էին: Երկու օր անց ձերբակալվել ու կալանավորվել է նաև Ջեմիլ Աքսուն: Համշենահայ գործիչների երեխան՝ փոքրիկ Արևը, ծնողների ձերբակալության ու կալանավորման հետևանքով միայնակ էր մնացել: Աքսուների 6-ամյա երեխայի խնամակալությունը ստանձնել են մորաքույրն ու քեռին՝ Հուլյա և Ջոշքուն Վայիչները:


«Մոր ձերբակալությունից հետո Արևը հայրիկի հետ գնացել էր Արդվինի բանտ՝ տեսակցության: Այդ օրը երեքն էլ լաց եղան: Երկու օրվա տարբերությամբ հայրն էլ կալանավորվեց: Այս որոշումը կայացնողները երեկոյան տուն գնալիս իրենց երեխաներին հանգիստ սրտով կկարողանա՞ն սիրել: Երեխաների փոքրիկ ձեռքերին դիպչելիս դեմքերը չի՞ կարմրի: Արևի հետ միասին փորձում ենք հաղթահարել այս դժվարին օրերը: Հոգեբանների հետ խորհրդակցելով փորձում ենք բացատրել, որ որոշ ժամանակ մեզ հետ պետք է մնա»,- լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է Ջոշքուն Վայիչը՝ հավելելով, որ երեխան իրավիճակից շատ ազդված է և գրեթե չի խոսում: Ստամբուլի համշենցիների համայնքի մի շարք ներկայացուցիչներ մամուլի ասուլիս են կազմակերպել հաջակցություն Ջեմիլ և Նուրջան Աքսուների:
Համշենական առաջին «Գոռ» ամսագրի հիմնադիրներից, Ստամբուլում գործող համշենական «ՀԱՏԻԿ» միության անդամ, երաժիշտ Հիքմեթ Աքչիչեքը հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ առանց ծնողների մնացած Արև Աքսուի լուսանկարը Թուրքիայում անարդարության դրսևորման ամենաայժմեական ու խոսուն պատկերն է: «Եթե երես ունեք՝ վաղն այս նկարին նայելով պետք է ամաչեք, սա այն լուսանկարն է, որի համար պետք է պատասխան տաք»,- ասել է Աքչիչեքը:


Աքսուները ձերբակալվել են համացանցում հակապետական հրապարակումներ անելու մեղադրանքով: Ջեմիլ Աքսուն ժամանակին բանտարկված է եղել իր քաղաքական հայացքների պատճառով և բանտում անցկացրել է շուրջ 9 տարի:

Դիտվել է՝ 1273

Մեկնաբանություններ