Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին Քիրկուկից քրդական աշխարհազորի դուրսբերումն ու քաղաքի հանձնումը դաշնային կառավարության ուժերին անվանել է «մեծ դավաճանություն» և «թիկունքային հարված»։ Անկախության հանրաքվեից հետո իր առաջին հեռուստաուղերձում նա ասել է. «Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Քիրկուկում, թիկունքային հարված է։ Դավաճանության պատճառով քաղաքի պաշտպանության մեր պլանը խափանվել է»,-ընդգծել է Բարզանին։
Նրա համար անակնկալ է դարձել նաև այն փաստը, որ նրանք, ում ԱՄՆ-ում համարում են ահաբեկիչ, կիրառել են «Աբրամս» տանկեր և ԱՄՆ-ում արտադրված զենք՝ Քիրկուկի և քրդական շրջանների վրա հարձակման համար։ Նա հավելել է, որ այժմ քուրդ ժողովրդին հետաքրքրում է հարցը, թե Բաղդադի պլանների մասին իմացե՞լ են Վաշինգտոնում և ինչու՞ չեն կանխել հարձակումը։
2005-ից Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հեռանում է։ Reuters-ի փոխանցմամբ՝ Բարզանին առաջարկել է կիսել նախագահական լիազորությունները ինքնավարության կառավարության, խորհրդարանի և դատական մարմինների միջև։
Նրա պաշտոնաթողության օրը՝ նոյեմբերի 1-ին, պետք է անցկացվեին նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Սակայն անցած շաբաթ քվեարկությունը չեղարկել էին Բաղդադի հետ կոնֆլիկտի պատճառով։