Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ներգաղթյալները հինգ տարի հետո Եվրոպայում կսկսեն կռիվ տալ իշխանության համար

Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ներգաղթյալները հինգ տարի հետո Եվրոպայում կսկսեն կռիվ տալ իշխանության համար
31.10.2017 | 10:12

(Նախորդ մասը)

«Комсомольская правда»-ի հատուկ թղթակից Դարյա Ասլամովան եղել է Իտալիայում, ուր գաղթականներ են բերում Սև մայր ցամաքից, և համոզվել է, որ այդ իրողությունը կարող է լիովին փոխել Հին աշխարհի ճակատագիրը։


ԻԴԵԱԼԻԶՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ
Կատանիայի աղքատ թաղամասում արդեն կես տարի փախստականների կոոպերատիվ է աշխատում։ Սպիտակ գոգնոցներով լրջադեմ սևամորթ երիտասարդները ձիթապտղի յուղից ու տեղական ծաղիկներից բնական օճառ են արտադրում, սովորում են շրջազգեստ ու պայուսակ կարել, թղթե գեղեցիկ զարդեր են սարքում։ Իմ կարծիքով, բոլոր աշակերտներն արդեն քսանն անց են, բայց նրանք միաբերան պնդում են, թե տասնութ չկան։ Դա նրանց համար նշանակում է ինչ-որ պաշտպանություն, քանի որ, իբր, անչափահաս են։ Նրանցից ոչ մեկը փաստաթուղթ չունի։ Նրանց ասելով, իրենք եկել են Գամբիայից, Նիգերիայից և Գանայից։
Կոոպերատիվը ղեկավարում են իտալացի Ռոդոլֆո ՈՒնգերին և Յուլյան` մասնագիտությամբ բուսաբույժ, Արևմտյան ՈՒկրաինայից տարագրված ռուս աղջիկ, որտեղ, նրա խոսքերով ասած, «ռուսների համար հեշտ չէ»։ Ռոդոլֆոն ու Յուլյան հրաշալի, ազնիվ մարդիկ են ARCI մշակութային կենտրոնից։ Իսկական էնտուզիաստներ, որոնք համոզված են, որ եթե տասը մարդու էլ օգնած լինես, արդեն բարի գործ արած կինես։ Փախստականների բազմահազարանոց հոսքի ֆոնին նրանց գործունեությունն անտառային հրդեհը մի դույլ ջրով մարելու փորձի է նման։
Մենք տեղափոխվում ենք խոհանոց, որտեղ Ռոդոլֆոն բոլորի համար ծխախոտ է փաթաթում (իսկական սիգարետը Եվրոպայում թանկ է)։ Խոսակցությունն ավելի է կոշտանում ու բացահայտ դառնում։
-Ես չգիտեմ, թե ինչ կլինի մեր երեխաների հետ, երբ լրանա նրանց տասնութ տարին, ու դուրս շպրտեն այստեղից,- տխուր ասում է Յուլյան։- Ճիշտ է, մենք նրանց գործնական ունակություններ ենք սովորեցնում, բայց ոչ ոք նրանց աշխատանք չի տա առանց փաստաթղթերի։
-ՈՒրեմն, նրանց կուղարկեն փախստականների սիցիլիական նշանավոր Cara Mineo ճամբար,- ասում եմ ես։
-Աստված իմ, միայն թե ոչ դա,- սարսռում է Յուլյան։- Թող ավելի լավ է փողոցում մնան։
Իտալական թերթերը Cara Mineo-ն անվանում են փախստականների իսկական համակենտրոնացման ճամբար, որի վրա կարելի է գրել` «Այստեղ մտնող ամեն ոք` հույսդ կտրիր»։ Ղեկավարության վրա մի քանի քրեական գործ կա հարուցված, սակայն Սիցիլիայում այդպիսի բաները կարող են տարիներ շարունակվել։ Ահա թե ինձ ինչ պատմեց Defend Europe կազմակերպության ակտիվիստ իտալուհի Էլեոնորան։
-Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ճամբարը լիովին վերահսկվում է Սիցիլիայի մաֆիոզ կլանների կողմից։ Ներգաղթյալ պահելը շատ ձեռնտու է. պետությունն օրական 35 եվրո է վճարում ամեն մեկի համար։ Եթե կազմակերպությունը ստանձնում է 50 ներգաղթյալի խնամք ու գոնե նվազագույնս կրճատում է ծախսերը, ապա ամսական 10000 եվրո մաքուր եկամուտը նրա համար ապահովված է։ Բայց Cara Mineo-ում ոչ թե 50 մարդ է, այլ մի քանի հազար։ Ոչ ոք ճշգրիտ թիվը չգիտե։ Խոսքը միլիոնների հասնող պայմանագրերի մասին է։
-Cara Mineo ճամբարն ահավոր տեղ է, որտեղ փախստականներն առանց փաստաթղթերի ապրում են տարիներով,- պատմում է Յուլյան։- Ճամբարը գտնվում է գյուղական վայրում։ Ամեն առավոտ մուտքի մոտ փախստականներին ավտոբուսներ են սպասում տեղի մաֆիայի մարդկանց ուղեկցությամբ։ Նրանք ներգաղթյալներին դաշտ են տանում, որտեղ նրանք 13 ժամ աշխատում են օրական 10 եվրոյի դիմաց։ Դա մի տեսակ միջնադարյան ճորտություն է։ Եվ չկա մեկը, որ գանգատվես։


Ես մտովի հաշվում եմ։ Ամեն մեկին օրական 35 եվրո կառավարությունից։ Բայց այդ փողերը կարելի է գրպան դնել, որովհետև ներգաղթյալներին, որպես աշխատողների, կերակրում են ֆերմերները։ Գումարած տեղական մաֆիայից էժան աշխատուժի համար տրվող կաշառքը (ասենք, օրական մեկ հոգու համար 5 եվրո)։ Ամենահամեստ հաշվարկներով, մոտ 5000 հոգուց բաղկացած մեկ ճամբարից ստացվող զուտ եկամուտն ամսական պետք է կազմի առնվազն վեց միլիոն եվրո։
-Բայց Իտալիայի կառավարությունը ճչում է, թե իրենք ուզում են կասեցնել ներգաղթյալների հոսքը,- նկատում եմ ես։
-Նրանք Բրյուսելում են այդպես ճչում, որ ԵՄ-ից ավելի շատ սուբսիդիաներ պոկեն։ Սովորական շանտաժ է։ Կա՛մ դուք մեզ փող եք տալիս, կա՛մ մենք փախստականներին բաց ենք թողնում ձեզ վրա։

ՍԱ ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ԲԻԶՆԵՍ Է


Սիցիլիան միշտ անվանել են «ստվերների երկիր»։ Երիտասարդները մեծանում և ձգտում են հեռանալ կղզուց, որտեղ իրենց համար ոչ մի հեռանկար չկա։
-Մեզ մոտ մեր մարդկանց համար աշխատանք չկա, իսկ մենք օտարերկրացիների ենք ընդունում,- վրդովված ասում է քաղաքական գործիչ Նինո Բենինատին։- Այստեղ 22 տոկոս գործազրկություն է, իսկ երիտասարդների շրջանում` ամբողջ 40 տոկոս։ Իմ որդին մեկնել է Միլան, երկրորդը մտադիր է մեկնել Լոնդոն։ Իսկ նավերն ամեն գիշեր հազարավոր փախստականների են նավահանգիստներ բերում։
-Ինչու՞ ենք մենք հանդես գալիս անօրինական ներգաղթի դեմ։ Որովհետև այն իր հետ բազմաթիվ խնդիրներ է բերում. հասարակության քրեականացում, հիվանդություններ ու սանիտարական պայմանների վատացում, և ամենաօրհասական խնդիրը` դրամական միջոցների մեծ հոսք, որոնցով նախ և առաջ շահագրգռված է մաֆիան,- ասում է Անջելո Ատագուիլեն (Noi con Salvini հայրենասիրական շարժման` Հյուսիսային լիգայի ճյուղավորման քաղգործիչ)։ Դա մի վճռական ալեհեր մարդ է, որին արդեն բազմիցս սպառնացել են։- Անօրինական ներգաղթը Սիցիլիայում հարստանալու գլխավոր եղանակներից մեկն է։ Մաֆիան շատ լայն հասկացություն է։ Դա մի հսկայական հակաօրինական համակարգ է, որը շահագրգռված է ամեն շահավետ ոլորտում եկամուտ ստանալով, իսկ այսօրվա դրությամբ փախստականները մի բիզնես են, որն իր եկամուտներով գերազանցում է թմրավաճառությունը։


Ֆաուստո Մելուսոն, որն աշխատում է Պալերմոյի փախստականների հետ, ամենևին նման չէ Կատանիայում ապրող իմ լավ բարեկամներ Ռոդոլֆոյին ու Յուլյային, որոնք ամբողջ հոգով նվիրված են իրենց գործին։ Իմ առջև ապագա թունդ քաղգործիչ է, որը դատողություններ է անում գաղթականների հոսքի «դրական տնտեսական արդյունավետության» մասին։ Իբր, դա թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել իտալացիների համար, ովքեր կարող են զբաղվել եկվորների սպասարկմամբ։
-Փախստականների ճամբարները, որոնք արդարացիորեն քննադատվում են սեռական և աշխատանքային շահագործման համար, խոշորագույն կենսունակ ձեռնարկություններ են Սիցիլիայում, ծանրակշիռ ավանդ մեր տնտեսության մեջ,- վստահորեն ասում է նա։
Այս հեքիաթը, թե ներգաղթյալները փրկում են Եվրոպայի խարխլված տնտեսությունը, ես արդեն բազմիցս լսել եմ Գերմանիայում։ Իբր, խեղճ գաղթականներին պետք են ծառայողներ, որոնք «կսրբեն նրանց հետույքներն ու զուգարանների ջուրը կքաշեն» (ինչպես կոպիտ արտահայտվում են գերմանացիները)։ Միայն թե լիբերալները, որ ճչում են աշխատատեղերի ստեղծման մասին, մոռանում են, որ սպասարկման համար պետք է վճարի կառավարությունը սեփական բյուջեից։ Իտալիայում ներգաղթյալների վրա կատարվող ծախսերը տարեկան 5 միլիարդ եվրո են։ Այդ փողերը հանվում են ազնիվ հարկատուների գրպանից։ Այսինքն` այդ փողերը գողացվում են նրանցից, ում ուսերի վրա իրոք ծանրացած է Իտալիայի տնտեսությունը։


Ֆաուստոն հիացած է միջազգային ոչկառավարական կազմակերպություններով, որոնք Միջերկրական ծովում փրկում են փախստականներին։ «Այնտեղ արդեն 30 հազար գաղթական է խեղդվել,- ասում է նա։- Ինձ համար կարևոր չէ, թե փրկության ինչ եղանակներ են կիրառվում։ Ոչկառավարական կազմակերպությունների նավերն արձագանքում են SOS ազդանշաններին։ Նրանք որտեղի՞ց կարող են իմանալ, թե ով է ազդանշան տվողը։ Գուցե մաքսանե՞նգ է, կամ նույնիսկ ահաբեկի՞չ։ Նրանց համար կարևորը մարդկանց փրկելն է։
-Բայց չէ՞ որ դա մարդկանց անօրինական թրաֆիկ է։
-Այո, անօրինական է, որովհետև օրինական չկա։
-Ռուսաստանում, իմացած լինեք, հարյուր հազարավոր աշխատանքային ներգաղթյալներ կան, և նրանք գրեթե բոլորը սահմանն անցել են օրինական կարգով, անձնագրերով։ Մինչդեռ Իտալիա մուտք գործող փախստականների 99 տոկոսը ոչ մի փաստաթուղթ չունի։
Ֆաուստոն մի քանի վայրկյան սառած ինձ է նայում։
-ՈՒզում եք ասել, որ ոչ ոք չի՞ կարող Ռուսաստան մտնել առանց փաստաթղթերի։
-Այո, իհարկե։ Այլապես ինչի՞ համար են սահմանները։ Չէ՞ որ ես Իտալիայի սահմանը հատել եմ անձնագրով։ Եվ դա ճիշտ բան է։


ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ՆԵՐԳԱՂԹ ԿԱ


Օպերային երգչուհի, մեծն Իրինա Արխիպովայի աշակերտուհի, հմայիչ Իրինա Պերերվան մի ժամանակ հանդես էր գալիս Պալերմոյի նշանավոր «Մասսիմո» թատրոնում։ Իրինան հասավ այնտեղ, որ սիրահարվեց, ամուսնացավ ու այդպես էլ երկար տարիներ մնաց Սիցիլիայում։ Հիմա նա գլխավորում է Պալերմոյի ռուսական հայրենակցական միությունը և շատ լավ գիտի, թե այդ կողմերում ինչն ինչոց է։
-Տարբեր տեսակի ներգաղթ կա,- ասում է Իրինան։- Տեղի ազատական ԶԼՄ-ները սիրում են ճղճղալ, թե, իբր, պետք է ներողամիտ լինել փախստականների հոսքի հանդեպ։ Չէ՞ որ մի ժամանակ էլ իտալացիներն էին ավելի լավ ապրուստի հետևից ընկած լցվում Ամերիկա։ Բայց ի՞նչ է Ամերիկան։ Դա եվրոպական քաղաքակրթության շարունակություն է։ Ըստ էության, ԱՄՆ-ը Ամերիկա տեղափոխված Եվրոպա է։ Միավորող օղակ կա` մշակույթը։ Նույն իտալացիները, որոնք անցած դարասկզբին լցվեցին ամերիկյան մայր ցամաք, հիանալի հարմարվեցին, լեզուն սովորեցին, աշխատանք գտան, ընտանիքներ կազմեցին, սկսեցին մասնակցել քաղաքական կյանքին։ Իհարկե, բացասական գործոններ էլ կային. նշանավոր Cosa Nostra-ն ու գանգստերները։ Ես հիշում եմ նաև 2000-ական թվականներին նախկին ԽՍՀՄ-ից տեղի ունեցող գաղթը։ Հիմնականում կանայք էին։ Արագ լեզու էին սովորում և ամենածանր աշխատանքներն էին անում. հիվանդների ու թոշակառուների խնամք, տնային գործեր։ Սրանք բոլորը ներգաղթի դրական կողմերն են։


Իսկ ի՞նչ ենք մենք հիմա տեսնում։ Հիմնականում չգիտես որտեղից, անկիրթ, ոչ մի հմտություն չունեցող երիտասարդ տղամարդկանց անվերահսկելի ներգաղթ։ Ընկերուհիս իտալերենի դասեր է տալիս փախստականներին և ուղղակի հուսահատության մեջ է։ Ինչպես կարելի է օտար լեզու սովորեցնել մարդկանց, որոնք չգիտեն ո՛չ գրել, ո՛չ կարդալ։ Անհնար է նրանց հասկացնել, որ թղթի վրա պատկերված նշանները (տառերը- խմբ.) ինչ-որ բան են նշանակում։
Լրատվամիջոցները խաբում էին մեզ, թե կգան գիտնականներ, բժիշկներ։ Սուտ է։ Նույնիսկ կոշկակարներ չկան։ Այո, նմաններին կարելի է վերցնել բանջարանոց ջրելու համար, բայց հետո՞ ինչ անես դրանց։ Ներկայիս ներգաղթն ինքնիշխան ազգային պետությունների քայքայման հետևանք է։ Ժողովրդավարությունն օդից ռումբերով վայր չես նետի։ Այո, դրանք իրենց դժվարություններն ունեցող պետություններ էին (իսկ ո՞վ չունի), բայց նրանք ունեին պատմության իրե՛նց ընթացքը։ Հիմա շատ իտալացիներ երանությամբ են հիշում Քադաֆիին, որն Իտալիան պաշտպանում էր ներգաղթի ցունամիից։ Այո, հեշտ է բռնապետին տապալելը, երկրի ազգային հարստությունները թալանելը։ Իսկ հիմա փորձիր կարգուկանոն հաստատել այնտեղ... Ցանկացած պարագայում աֆրիկացի փախստականներին Եվրոպայում պահելը շատ ավելի թանկ է նստում, քան նրանց համար նորմալ պայմաններ ստեղծելը բուն Աֆրիկայում։

Հ. Գ. - ՍԵՎ ԿՂԶԻ


Ինձ «վտանգավոր» գիշեր է սպասում։ Ես գնալու եմ Պալերմոյի պատմական շրջան` Բալլարո։ Հիմա դա «աֆրիկյան» շրջան է։ Ցերեկներն այստեղ գունագեղ շուկա է, գիշերները թմրադեղեր են վաճառում զբոսաշրջիկներին։ Ես գործում եմ բոլոր կանոնների պահպանմամբ. ո՛չ պայուսակ եմ վերցրել, ո՛չ փաստաթղթեր։ Գրպանումս ընդամենը քսան եվրո է և մի փոքրիկ խցիկ։ Բռնաբարություն այստեղ չի սպառնում։ Սիցիլիան Գերմանիա չէ։ Ոչ մի ամենաթողություն` ինչպես ամանորյա գիշերին Քյոլնում։ Իմացող մարդիկ ինձ պատմել են. մաֆիան խիստ նախազգուշացրել է աֆրիկացիներին։ Սպիտակ կանանց ձեռք չտալ։ Թալանել կարելի է, բռնաբարել չի կարելի։ Հարձակման մեկ զոհի համար ամորձատում են ոչ միայն բռնաբարողին, այլև նրա մի տասը ընկերոջ։ Որպես կանխարգելման միջոց։
Այսօր կիրակի է, ու խելքս գնում է քաղաքում տիրող մթնոլորտից։ Հրավառություն, ծաղկաշղթաներ, կրակոտ երաժշտություն, խորովածի բուրմունք ու մարիխուանայի հոտ։ Ոտաբոբիկ սևամորթ աղջնակները պարում են հենց փողոցի սալարկին։ Ես տեղ եմ գտնում բացօթյա սրճարանում, որտեղ ոչ մի սպիտակամորթ չկա, և կոկտեյլ եմ պատվիրում։ Անմիջապես ինձ մոտ է նստում մի նեգր, որը ներկայանում է Բաակո` Նիգերիայից, և տանելի անգլերենով առաջարկում է հարմար գնով ընտրել հիանալի կոկաին և հերոին։ Ինքը մարիխուանա է ծխում։ Ակնարկում եմ, որ մուսուլմանին վայել չէ նման անպարկեշտ բանով զբաղվելը։ Բաակոն նեղանում է։


-Ես ազնիվ կաթոլիկ եմ։ Նիգերիայում շատ են քրիստոնյաները։
Կարծես թե կաթոլիկներին եկեղեցին թույլատրում է թմրադեղ վաճառել։ Բաակոն ասում է, թե հիմա փաստաթղթեր չունի։ Իրեն դուր չի գալիս թմրադեղ վաճառելը, բայց այստեղ էլ ինչո՞վ զբաղվես։ Մենք զրուցում ենք հրաշագեղ Սիցիլիայի մասին։
-Ինչու՞ ձեր շրջանում ամենևին սպիտակներ չկան,- բարեհոգաբար հարցնում եմ ես։
-Որովհետև Սիցիլիան Աֆրիկա է։ Եվ միշտ է եղել։ Դու տեղի եկեղեցիներում տեսած կա՞ս աֆրիկյան դիմագծերով սև մադոննաների։
-Այո, ես սև Կույս Մարիամ տեսել եմ բարձր լեռներում,- ասում եմ ես, անհանգիստ թափահարելով հովհարս։
-Դա և՛ պատմություն է, և՛ ապագան։ Սև Սիցիլիան,- ազդու նկատում է Բաակոն։
-Բայց այստեղ եղել են նորմաններ, արաբներ, հրեաներ, հույներ։ Ովքեր ասես չեն եղել։
-Դե, հիմա էլ աֆրիկացիներ կլինեն։ Ես կցանկանայի սպիտակ ընկերուհի ունենալ, բայց նրանք մեզնից զզվում են։ Իսկ ահա ոչկառավարական կազմակերպությունների տղաները մեզ խոստանում են ապագայում որքան ասես սև աղջիկներ բերել։ Նրանք շատ նավեր ունեն։ Նրանք լավ տղաներ են։ Թեև սպիտակ են, բայց ռասիստներ չեն։ Նշանակում է` ես իմ երեխաները կունենամ։ Իսկ այդ ժամանակ ես նրանց հետ կտեղափոխվեմ մայր ցամաք, Իտալիա։ Իսկ եթե բախտներս բերի, կգնանք Ավստրիա կամ Գերմանիա։ Դու ինձ հետ անկողին չես գա, չէ՞։
Ես ցնցված եմ։
-Իմացած լինեք, որ ես ամուսնացած եմ,- նյարդային ծիծաղում եմ։
-Բայց դա պատճառ չէ։ ՈՒղղակի ես սև եմ։ Բայց ինչո՞վ եմ ես վատ քո ամուսնուց։ Տասը-տասնհինգ տարի հետո Եվրոպայի համար մեծ կռիվ կլինի աֆրիկացիների ու արաբների միջև։ Արաբներին չեմ սիրում։ Նրանք մոլեռանդներ են։ Նրանք իրավունք չունեն խմելու և ծխելու, թմրադեղ օգտագործելու։ Օրական հինգ անգամ պիտի աղոթես Ալլահին։ Նրանք տաղտկալի են։
-Իսկ ի՞նչ կլինեն սպիտակները։
-Նրանք ինձ չեն հետաքրքրում,- տխուր ձայնով ասում է Բաակոն։- Նրանք իրենց պարտքերն են տալիս։ Նրանք ծծել են Աֆրիկայի ամբողջ արյունը։ Իսկ հիմա Աֆրիկայում երեսուն միլիոն մարդ նավերի է սպասում, որ տեղափոխվի Եվրոպա։ Նրա վերջը եկել է։ Եվ ես ուրախ եմ։

Դարյա ԱՍԼԱՄՈՎԱ
«Комсомольская правда»
Թարգմանությունը`
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 16923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ