ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես մեղադրանք առաջադրեցին նախագահ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին ու նրա բիզնես գործընկեր Ռիկ Գեյթսին: Հետաքննությունների դաշնային բյուրոյի հաղորդմամբ` նրանք մեղադրվում են 12 դրվագներով՝ ԱՄՆ-ի դեմ դավադրությունից մինչև փողերի լվացում ու սուտ մատնություն: Մեղադրական եզրակացության համաձայն, Մանաֆորտն ու նրա գործընկերը տարիներ առաջ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ստացել ՈՒկրաինայում՝ ռուսների աջակցությունը վայելող «Ռեգիոնների կուսակցության» առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի հետ համագործակցության արդյունքում, լվացել են այդ միջոցները օֆշորային գոտիներում, խուսափել հարկային պարտավորություններից ու լոբբիստական գործունեություն ծավալել՝ առանց իշխանություններին տեղյակ պահելու:
Մեղադրյալները օֆշորային հաշիվներով շրջանառել են ավելի քան 75 միլիոն դոլար, ապօրինի այս միջոցներով Մանաֆորտը ոչ միայն անշարժ գույք ու պճնանքի առարկաներ է գնել, այլև Յանուկովիչի քարոզչությունը տարել ԱՄՆ-ում՝ ջանալով ապացուցել, որ նա արդար է հաղթել ուկրաինական ընտրություններում:
Մեղադրականի հրապարակումից ժամեր առաջ Մանաֆորտն ու նրա բիզնես գործընկերը անձամբ ներկայացան Հետաքննությունների դաշնային բյուրո՝ հանձնվելով իրավապահ մարմիններին: Սրանք առաջին մեղադրանքներն են, որ ներկայացնում է նախագահական ընտրություններում ռուսների հնարավոր միջամտությունն ուսումասիրող գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը։ 31- էջանոց մեղադրականում, սակայն, որևէ բառ չկա Թրամփի նախընտրական շտաբում Մանաֆորտի ու նրա գործընկերոջ աշխատանքի մասին, ինչին Սպիտակ տան ղեկավարը շտապել է արձանագրել: «Ոչ մի դավադրություն էլ չկա»` Թվիթերում գրել է նախագահ Թրամփը՝ պնդելով, թե այդ ամենը եղել է վաղուց՝ իր նախընտրական արշավից առաջ: 68-ամյա Մանաֆորտը Թրամփի նախընտրական շտաբը գլխավորել է 3 ամիս և ստիպված էր հրաժարական տալ ընտրություններից առաջ, երբ մամուլում հրապարակումներ եղան ՈՒկրաինայի ռուսամետ «Ռեգիոնների կուսակցության» հետ նրա կապերի վերաբերյալ:
Ամիսներ առաջ էլ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով քննությանը մոտ կանգնած աղբյուրներին, պնդեցին, թե ժամանակին Մանաֆորտը պատրաստ է եղել ռուս միլիարդատեր, Կրեմլի հետ սերտ հարաբերություններով հայտնի Օլեգ Դերիպասկային տեղեկություններ հաղորդել Թրամփի նախընտրական արշավի մասին: «Եթե Դերիպասկային անհրաժեշտ են ոչ հրապարակային հանդիպումներ՝ տեղեկություններ ստանալու համար, մենք կարող ենք դա կազմակերպել»,- ըստ The Washington Post-ի, գրել էր Մանաֆորտը գործընկերներից մեկին անցած տարվա հուլիսին, երբ Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ Հանրապետական ճամբարի թեկնածուն ԱՄՆ նախագահական ընտրություններում: Մինչ օրս Մանաֆորտն ու նրա բիզնես գործընկերը կտրականապես հերքում էին ֆինանսական ապօրինությունների ու ռուսների հետ հնարավոր դավադրության մեղադրանքը: