Հայաստանի և Սիրիայի առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով հոկտեմբերի 29- 31-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը եղել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում:
Պատվիրակության կազմում էին հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Դեր Էզ-Զորում ՀՀ պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արայիկ Խզմալյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի անդամներ:
Հոկտեմբերի 29-ին պատվիրակությանն ընդունել է Սիրիայի նախարարների խորհրդի նախագահ Իմադ Խամիսը: Ողջունելով հյուրերին՝ Իմադ Խամիսը նշել է, որ պատերազմի հետևանքով երկար դադարից հետո հայկական պատվիրակության այցը Սիրիա մեծ իրադարձություն է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների համատեքստում: Վարչապետն ընդգծել է, որ Սիրիան երախտապարտ է սիրիական ճգնաժամի հարցում բարեկամ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումների համար: Նա համառոտ ներկայացրել է պատերազմող Սիրիայի քայքայված տնտեսության վերականգնման ռազմավարությունը, տնտեսական նոր ծրագրերը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Կարայանը վստահություն է հայտնել, որ իր այցը նոր լիցք կհաղորդի ճգնաժամի պատճառով որոշակի նահանջ ապրած հայ-սիրիական երկկողմ համագործակցությանը՝ հիմք հանդիսանալով հետագա համատեղ արդյունավետ աշխատանքների նախագծման և իրականացման համար:
Նախարարը նշել է, որ Հայաստանի փորձառությունն ու ներուժը կարող են օգտակար լինել սիրիական կողմին՝ ավերված տնտեսության տարբեր բնագավառների վերականգնման հարցերում, և Հայաստանը պատրաստ է աջակցել բարեկամ Սիրիային: Նա ավելացրել է, որ Հայաստանը կարող է կամուրջ լինել սիրիական արտադրանքը միջազգային շուկաներում ներկայացնելու համար:
Նախարար Կարայանը վստահեցրել է, որ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանը կարող է սիրիական կողմին տրամադրել բարձրորակ մասնագետներ՝ նախագծման, շինարարության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Վարչապետ Խամիսը ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունը մասնակցելու Սիրիայի վերականգնման ծրագրերին և ընդգծել, որ Սիրիան մեծապես հետաքրքրված է տեսնել հայկական ապրանքներն իր շուկայում՝ միաժամանակ վստահեցնելով, որ հայ արտադրողները կօգտվեն լայն արտոնություններից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման հնարավորությունը: