Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԼՂ-ում դատապարտված դիվերսանտներին Լապշինի հետ փոխանակելու Բաքվի առաջարկը հունից հանել է Սերգեյ Լավրովին

ԼՂ-ում դատապարտված դիվերսանտներին Լապշինի հետ փոխանակելու Բաքվի առաջարկը հունից հանել է Սերգեյ Լավրովին
04.11.2017 | 09:27

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հետաքրքիր մանրամասներ է պատմել, թե ինչպես են 2017-ի փետրվարին Ադրբեջանի իշխանությունները դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ առաջարկելով փոխանակել իրեն Արցախում ցմահ դատապարտված ադրբեջանցի երկու դիվերսանտի՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի հետ: Նա հիշեցրել է, որ ադրբեջանական ԶԼՄ-ների վարկածով՝ «զբոսաշրջիկներ» Գուլիևն ու Ասքերովը որոշել էին այցելել Արցախում հարազատների շիրիմներին, սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին, ՀՀ քաղաքացի Սարգիս Աբրահամյանին, նաև հրազենային վիրավորում հասցրել քաղաքացի Կարինե Դավթյանին: «Կարճ ասած, Ադրբեջանից եկած խաղաղ «զբոսաշրջիկներ», ի դեպ՝ «Կալաշնիկով» ինքնաձիգներով: Ղարաբաղի դատարանը նրանց դատապարտել է ցմահ ազատազրկման»,- նշում է Լապշինը:


«Ահա այսպես Ադրբեջանը փորձել է շանտաժի ենթարկել Ռուսաստանին, ասելով, որ «դիվերսանտ-զբոսաշրջիկներին» արտահանձնելու Հայաստանի հետ բանակցությունների աջակցությունը կարագացնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատ արձակումը: ՌԴ ԱԳՆ-ի շատ բարձր դիրք ունեցող պաշտոնյայի խոսքով՝ այդ իրավիճակը հունից հանել է անձամբ Սերգեյ Լավրովին, և նա Ադրբեջանին իր առաջարկով ուղարկել է հեռու: Ռուսները չէին կարող առհասարակ հասկանալ, թե ինչ կապ ունի ՌԴ/Իսրայելի քաղաքացի Լապշինը ադրբեջանցի երկու դիվերսանտի հետ: Եվ ամենից կարևորն էլ այն էր, թե ինչու Հայաստանը, որի քաղաքացին ես չեմ, պետք է իմ արտահանձնման համար բանտից ազատ արձակի մարդասպաններին: Ավելի ուշ այդ իրավիճակը հասցվել է մինչև Իսրայելի իշխանություններ: Նրանք նույնպես վրդովված էին ադրբեջանական պահելաձևից: Սակայն՝ ի տարբերություն Ռուսաստանի, դժգոհությունն արտահայտել են կուլուարներում»,- պատմել է Ալեքսանդր Լապշինը: Նրա խոսքով` Ադրբեջանի ղեկավարության այդ պլանն առաջին անգամ հնչեցրել է հարցաքննության ժամանակ Ադրբեջանի գլխավոր դատախազության քննիչը, արդարադատության ավագ խորհրդական Քամալ Թալիբովը, որը Ադրբեջանի Գերագույն դատարանի նախկին նախագահի որդին է:


«Ասել, թե ցնցվել եմ այդ երկրի իշխանությունների խելագարությունից, նշանակում է ոչինչ չասել: Ես այնտեղ ինձ զգում էի՝ կարծես աֆղանական թալիբների գերության մեջ, դրան նպաստում էր նաև Ռուսաստանին ինձ վաճառելու փորձերը: Շնորհակալ եմ Ռուսաստանին սկզբունքայնության համար: Շնորհակալ եմ դրա համար նաև Իսրայելին: Նաև շնորհակալություն Հայաստանին, որ չեն հանձնվել»,- նշել է նա:
«Մարդկային տեսանկյունից, կարող եմ հասկանալ, որ հազարավոր ադրբեջանցիներ Ղարաբաղյան պատերազմի պատճառով փախստական են դարձել: Այդպես նաև հազարավոր հայեր՝ Բաքվից և Սումգայիթից: Ես հասկանում եմ այդ մարդկանց՝ ծնողների շիրիմներին այցելելու ցանկությունը: Եվ դա շատ դաժան է, որ Ադրբեջանն արգելում է հայերին գալ նույնիսկ զբոսաշրջիկների կարգավիճակով: Հայաստանը նույն վերաբերմունքն է ցուցաբերում: Բայց, չեմ հասկանում, ինչի՞ համար է պետք շփման գիծն ինքնաձիգներով անցել և գնդակահարել անմեղ մարդկանց: Դա արդեն տուրիզմ չէ, ասեմ ձեզ, որպես մեծ փորձով զբոսաշրջիկ: Դա ջիհադ է: Ինչ վերաբերում է ջիհադական-զբոսաշրջիկներին, ամեն ինչ ակնառու է»,- գրել է Լապշինը:

Դիտվել է՝ 2408

Մեկնաբանություններ