ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ 2018-ին բյուջեով սոցիալական պարտավորությունների աճի մասով ունենալու ենք զսպված վարքագիծ, որ հետագայում տնտեսական կայուն աճի հիմք ստեղծվի:
Հարցին՝ եկամուտների չավելացման պարագայում գնաճը սոցիալական նոր խնդիրներ չի՞ առաջացնելու, Վարդան Արամյանը պատասխանեց. «Այս հարցն ինչու՞ չէր առաջացել, երբ անցյալ տարի մենք դեֆլյացիա ունեցանք: Կարող էին ասել, որ դեֆլյացիա ունենք, հիմա բերեք որոշակի ծախսերի օպտիմալացում անենք՝ X տեղում կրճատենք, Y -ում ավելացնենք, ինչի՞ չէին ասում»:
Ֆինանսների նախարարը սխալ է համարում, որ գնաճի մասին խոսելիս ընդամենը մի քանի ապրանքի մասին են խոսում: «Մոտեցումը, երբ նայում եք մեկ-երկու ապրանքատեսակով, ճիշտ չէ, հացն ու կաթնամթերքը նույնպես առաջին սպառման են, իսկ այստեղ 9 ամսով գնանկում է եղել: Ճիշտ եք ասում՝ միսը հունվար-սեպտեմբեր ամիսներին թանկացել է, մանավանդ խոզի միսը 30 տոկոսից ավելի է թանկացել: Բայց 500 տեսակի սպառման ապրանքներից առնվազն 150-ն առաջին սպառման են, եթե նայեք, կտեսնեք, որ առաջին սպառման ապրանքներից մինիմում կեսում էլ գնանկում կա»: