Լիբանանի նախագահ Միշել Աունը բացատրություն է սպասում հրաժարական տված վարչապետ Սաադ Հարիրիից՝ Սաուդյան Արաբիայից նրա հայրենիք վերադառնալուց հետո: Հարիրին իր հրաժարականի մասին հայտարարել է շաբաթ օրը: «Մենք ապրում ենք մի մթնոլորտում, որ նման է Ռաֆիկ Հարիրիի սպանությանը նախորդածին: Ես նկատել եմ, որ գաղտնի նախապատրաստվում է նաև իմ դեմ մահափորձ»,- հայտարարել է նա: Հարիրին մեղադրել է նաև «Հըզբոլլահ» շիա շարժմանը և Իրանին «արաբական աշխարհը քանդելու» փորձի մեջ: Նա խոստացել է, որ «արաբական աշխարհը, ինչպես նախկինում, ոտքի կկանգնի և կկտրի Իրանի ձեռքերը»:
«Լիբանանից դուրս գտնվող վարչապետ Սաադ Հարիրին զանգահարել է նախագահ Միշել Աունին և նրան տեղեկացրել իր հրաժարականի մասին: Նախագահ Աունը սպասում է վարչապետ Հարիրիի Բեյրութ վերադարձին՝ նրա հրաժարականի վերաբերյալ ինչպես հարկն է՝ բացատրություններ ստանալու համար»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ: