Հետաքննող լրագրողների ընկերակցությունը (ICIJ) հրապարակել է Paradise Papers («Դրախտի կղզիների փաստաթղթերը»): Նոյեմբերի 5-ին հրապարակվածը իրավաբանական կոնսալտինգային Appleby ընկերության 6,8 միլիոն ներքին փաստաթղթերն են, ընկերությունը Բերմուդյան կղզիներում է, ևս 566 000 փաստաթղթեր վերաբերում են Սինգապուրի Asiaciti Trust տրաստային ընկերությանը, 6,2 միլիոն` կորպորատիվ ռեեստրներին ու 12 օֆշորային գոտիներին:
Le Monde-ը գրում է, որ փաստաթղթերը 96 երկրների լրագրողներ ուսումնասիրել են մեկ տարի: Նոր հետաքննության հիմնական մասը վերաբերում է ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին: Լրագրողները պարզել են, որ օֆշորային ներդրումներ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 13 մերձավոր աշխատակիցներ: Նրանցից մեկը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն է, նախկինում ExxonMobil նավթային ընկերության տնօրենը: Լրագրողների տվյալներով` Ռեքս Թիլերսոնը ղեկավարել է Բերմուդյան կղզիներում գրանցված նավթային ընկերություն, որ զբաղվում էր նավթի հանույթով Եմենում: ICIJ լրագրողները իմացել են` ինչպես է Ռուսաստանի հետ կապված ՈՒիլբուր Ռոսը` ԱՄՆ-ի առևտրի նախարարը և Navigator Holdings Ltd-ի տնօրենների խորհրդի անդամը: Ըստ փաստաթղթերի` այդ ընկերությունը «Սիբուր հոլդինգի»` ռուսական նավթաքիմիական հոլդինգի գործընկերն է, որի համասեփականատերը Կիրիլ Շամալովն է` Պուտինի ենթադրյալ փեսան: Նաև` Գենադի Տիմչենկոն և Միխայիլ Մեխելսոնը, որ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում են: Ռուսական ընկերությունների հետ գործընկերությունից ստացված եկամուտները կարող էին ազդել նրա որոշումների վրա` իբրև նախարարի: Այդ պատճառով,- գրում է Le Monde,- «Սիբուր Հոլդինգի» և Navigator Holdings Ltd-ի համագործակցությունը հանգեցնում է շահերի բախման:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի անձնական գումարներից 10 մլն ֆունտ ներդրվել է օֆշորում։ Լանկաստերի դքսությունը, որը թագուհուն ապահովում է եկամտով, միջոցները պահում է Կայմանյան և Բերմուդյան կղզիներում։
Դքսությունից հայտնել են, որ վերահսկում են դրամական մի քանի հոսքեր, որոնց մի մասն ուղղված է արտասահմանյան հիմնադրամներ։ Լանկաստերի դքսությունում նաև նշել են, որ բոլոր ներդրումները ստուգված են և միանգամայն օրինական։