Նախագահ Սերժ Սարգսյանը «դժվարին, բայց իրականանալի խնդիր» է համարում մինչև 2040-ը Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը: Հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են վարչապետը, փոխվարչապետը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների, սփյուռքի նախարարները, արտաքին գործերի նախարարի տեղակալը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, նա հաղթահարելի է համարել նաև ժողովրդագրական իրավիճակի վրա բացասաբար ազդող՝ Հայաստանի հետ հարևանների հարաբերությունների պատճառով անվտանգության խնդիրները: Նախանշված թիրախային նպատակին հասնելը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, և 2040-ից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարևորվի:
Հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ. կառավարությանը հանձնարարվել է մշակել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի (մինչև 2040-ը) բարելավման ռազմավարական հիմնադրույթները, արտացոլել դրանք մինչև 2030-ը Հայաստանի զարգացման ռազմավարության մեջ՝ սահմանելով համապատասխան բաղադրիչներ և 5-ամյա թիրախներ հետագա ծրագրերի մշակման ու իրականացման համար: Ընդգծվել է, որ կառավարության բոլոր ռազմավարական ծրագրերը պետք է անդրադառնան ժողովրդագրական իրավիճակին՝ հիմք ընդունելով կառավարության հաստատած ժողովրդագրական իրավիճակի բարելավման մինչև 2040-ը ռազմավարական հիմնադրույթներն ու այդ պահին գործող համապարփակ ռազմավարական ծրագրի մոտեցումները: