ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում Չինաստանին ավելի եռանդուն և արագ քայլեր ձեռնարկել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը հարթելու համար: «Ժամանակն արդեն սպառվում է»` պնդել է նա Պեկինում՝ գովեստի խոսքեր շռայլելով նախագահ Սի Ցզինպինի հասցեին: «ԱՄՆ-ը հավատարիմ է Հյուսիսային Կորեայի լիակատար և վերջնական ապամիջուկայնացմանը, դա շատ կարևոր է: Չինաստանը կարող է հեշտ և արագ լուծել այդ խնդիրը: Կոչ եմ անում Չինաստանին ու այդ երկրի հզոր նախագահին եռանդուն աշխատել այս ուղղությամբ: Ես գիտեմ ձեր նախագահի մասին` եթե նա եռանդուն է աշխատում, գործը գլուխ է գալիս, կասկած չկա»: Թեև Պեկինը միացել է Փհենյանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներին, Սպիտակ տունն ուզում է, որ Չինաստանը հավելյալ քայլեր ձեռնարկի Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ապօրինի առևտուրը դադարեցնելու համար: Թրամփի՝ Չինաստան այցի առանցքային հարցը դարձել է երկկողմ առևտուրը: Նախընտրական շրջանում ԱՄՆ նախագահը հայտարարում էր՝ Չինաստանը ԱՄՆ-ի հանդեպ շատ անարդար առևտրային քաղաքականություն է վարում: «Չինաստանը բռնաբարում է մեզ»,- քարոզարշավից առաջ պնդում էր Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով` «գումարը, որ տանում են նրանք Նահանգներից, ամենամեծ թալանն է ԱՄՆ պատմության մեջ»:
Ժամանելով Պեկին` Սպիտակ տան ղեկավարը մեղմել է տոնը՝ քննադատության սլաքն ուղղելով իր նախորդներին․«Հենց հիմա, ցավոք, առևտուրը միակողմանի է և անարդար, բայց ես դրա համար Չինաստանին չեմ մեղադրում: Նրանք մեղավոր չեն, որ կարողացել են մեկ այլ երկրից ավելի շատ առավելություններ ստանալ իրենց քաղաքացիների համար: Ես մեղադրում եմ մեր նախորդ վարչակազմերին, որ թույլ են տվել, որ առևտրի այսպիսի անվերահսկելի պակասուրդ առաջանա ու գնալով մեծանա»:
Պաշտոնական վիճակագրությամբ` այս տարվա 9 ամիսներին Չինաստանը ԱՄՆ է արտահանել 4 անգամ ավելի շատ ապրանք, քան ներկրել է՝ 270 միլիարդ դոլարի հասցնելով առևտրի պակասուրդը: Թրամփի՝ Պեկինում անցկացրած բանակցություններից հետո պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստովանել է՝ «առայժմ այս խնդիրը չի հաջողվել հարթել, առաջընթացը շատ փոքր է»:
Փոխարենը ամերիկացի և չինացի գործարարներն են խոշոր պայմանագրեր կնքել՝ 250 միլիարդ դոլար արժողությամբ, ինչը Չինաստանի առևտրի նախարարությունը իսկական հրաշք է որակել: «ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերություններն այժմ գտնվում են նոր, պատմական մակարդակի վրա»,- հայտարարել է նախագահ Սի Ցզինպինը՝ հավելելով՝ Պեկինն ուզում է ընդարձակել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ փոխադարձ հարգանքի ու շահի հիման վրա: «Չինաստանի ու ԱՄՆ-ի համար համագործակցությունն է միակ ճիշտ ընտրությունը, համագործակցություն, որից կշահեն երկու կողմերն էլ»,- նշել է նա: