Լիբանանում հասունացող հակամարտության մտավախությունները ծագեցին նոյեմբերի 9-ին, երբ արաբական պետությունները, հետևելով Սաուդյան Արաբիայի օրինակին, իրենց քաղաքացիներին կոչ արեցին անհապաղ լքել Լիբանանը, որի նախկին վարչապետը «հավանաբար իր կամքին հակառակ» գտնվում է Էր Ռիադում` Newsweek-ում գրում է Թոմ Օ’Քոնորը։
Նրա խոսքով՝ Լիբանանում մրցակցող ազգայնական և միջազգային շահերի միջև ուժերի բալանսը վտանգավոր սասանվեց, երբ վարչապետ Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիա այցի ժամանակ հանկարծակի հայտարարեց հրաժարականի մասին։ Հարիրին Լիբանանի և Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, նրա կուսակցությունը՝ «Շարժում հանուն ապագայի», սուննիական շարժում է, որին աջակցում է Սաուդյան Արաբիան։ Հարիրին հայտարարել է, որ վախենում էր իր կյանքի համար, քանի որ իր դեմ շիական «Հըզբոլլահը» և Իրանը, ենթադրաբար, դավադրություն են կազմակերպել։ Չնայած հանգամանքին, որ Լիբանանի բանակը հերքել է դավադրությունը, Սաուդյան Արաբիան այն Լիբանանի կառավարության կողմից պատերազմի ակտ է հայտարարել և արդեն հինգշաբթի պահանջել է, որ իր քաղաքացիներն անմիջապես լքեն երկիրը։ Համանման հայտարարություններ են արել նաև Բահրեյնը, Քուվեյթն ու ԱՄԷ-ն։
Վերջին նորությունները կասկածներ են հարուցում Հարիրիի տեղաշարժի ազատության կապակցությամբ։ 4 անհայտ պաշտոնյաներ, որոնց խոսքը հինգշաբթի մեջբերել էր Reuters-ը, ենթադրում էին, որ Հարիրիի ազատությունը Սաուդյան Արաբիայի ձեռքում է։ Մինչ այդ լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ վարչապետի շքեղ օդանավը վերադարձել է Բեյրութի միջազգային օդանավակայան, իսկ Al Jadeed TV-ն հայտնում է, որ Հարիրիի օդանավը, իրոք, վերադարձել է, բայց առանց վարչապետի։
Թե ԵՄ-ը, թե ԱՄՆ-ը հաստատել են իրենց աջակցությունը Լիբանանին, հեռավորություն պահպանելով Սաուդյան Արաբիայի ավանդական դաշնակցից։ Հինգշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց Սաուդյան Արաբիա այցելության մասին։ Մինչ «Հըզբոլլահի» մեդիա գրասենյակի ներկայացուցիչը Newsweek-ի հետ զրույցում հայտնել էր, որ կուսակցությունը չի վախենում առաջիկա ռազմական հակամարտությունից, «Հըզբոլլահի» ներկայացուցիչ Հասան ֆադլալլահը խորհրդարանում հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան պետք է դադարի միջամտել տարածաշրջանի ներքին գործերին և վերջ դնի տարածաշրջանի ժողովուրդների դեմ ագրեսիային։