Վերջին ամիսներին Եվրասիայի տիրույթում ամենակարևոր իրդարաձություններից մեկը եղավ С-400 հրթիռներ գնելու Թուրքիայի և ՌԴ-ի համաձայնագիրը: Այդ համաձայնագրի ռազմավարական նշանակության պատճառով` С-400-ը ամենաժամանակակից զենքերից է, տարածաշրջանային և գլոբալ տերությունները ուշադիր հետևում են գործարքի ընթացքին: Որո՞նք են С-400-ի առանձնահատկությունները և իսկապե՞ս համաձայնագիրը հնարավոր կլինի կյանքի կոչել` գրում է թուրքական Karar-ը: С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգն արտադրվել է օդատիեզերական հարձակման ժամանակակից բոլոր միջոցների ոչնչացման նպատակով: Արևմտյան փորձագետների կարծիքով՝ С-400-ը որոշիչ դեր ունի ՌԴ զինված ուժերի նոր գաղափարում, որն Արևմուտքում հայտնի է որպես «Հասանելիության արգելքի գոտի»: Այդ գաղափարի համաձայն՝ ՆԱՏՕ-ի ուժերը չեն կարող այդ գոտուն մոտենալ` առանց իրենց վնասելու:
Մոսկվան С-400 է վաճառել և առաքել Չինաստանին (2017, ապրիլ): Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան նույնպես բանակցում են Ռուսաստանի հետ հրթիռները գնելու վերաբերյալ: Ռուսաստանը չի տալիս դրանց ներքին համակարգերի հասանելիությունն ապահովող էլեկտրոնային կոդերը, սպասարկման և վերանորոգման բոլոր աշխատանքները ռուս մասնագետներն են անում: Թեև Թուրքիայում դա հակադրություն է առաջացնում, ռուս պաշտոնատար անձանց խոսքով՝ այդ պրակտիկան գործում է բոլոր երկրների դեպքում:
Առաջին С-400-ի մատակարարումը նախատեսվում է 2 տարում: Կողմերն ասում են, որ մատակարարումը կիրականացվի միայն երկու տարում, դա վկայում է, որ կողմերը կարող են հրաժարվել համաձայնագրից: Պատճառ կարող են լինել ինչպես վեճերը երկրների ներսում այդ թեմայով, այնպես էլ՝ ՆԱՏՕ-ի արձագանքը: Նաև այն, թե Թուրքիան հետագայում ինչպես կզարգացնի հարաբերությունները Ռուսաստանի և արևմտյան աշխարհի հետ:
Սաուդյան Արաբիային և Հնդկաստանին С-400-ի վաճառքը մեծ նշանակություն ունի Ռուսաստանի համար, այս երկու երկրներն առաջ են մյուսներից զենքի ներկրմամբ: Հետևաբար, պատճառը, որ Արևմուտքը, նախ և առաջ՝ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն, դեմ է Թուրքիայի կողմից С-400-ների գնմանը, կապված է ոչ միայն Թուրքիան կորցնելու անհանգստության հետ, այլև զենքի համաշխարհային շուկայում և ՆԱՏՕ-Ռուսաստան պայքարում հետ մնալու հավանականության հետ: Ռուսաստանը և Թուրքիան С-400-ի համաձայնագիրը որպես հաղթաթուղթ են օգտագործում Արևմուտքի հետ հարաբերություններում: Այդ գործարքը կարող է մի կողմից արագացնել ամերիկյան Patriot հրթիռների գնումը (Թուրքիայի կողմից), մյուս կողմից՝ ապահովել ԵՄ խոստման կատարումը՝ սիրիացի փախստականներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հետ: Մոսկվան փորձում է օգտագործել ամեն հնարավորություն պատժամիջոցներից ազատվելու համար, որոնք Արևմուտքն իր դեմ կիրառում է: Չնայած համաձայնագրին և կանխավճարին՝ С-400-ի գործարքը կարող է խափանվել Արևմուտքի հետ Թուրքիայի և Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերություններում դրական ընթացքից կախված:
С-400-ի համաձայնագրի ճակատագրի վրա կարող է ազդել նաև թուրք-ռուսական հարաբերությունների զարգացումը: Սիրիական հարցում վերջնական նպատակներին մոտենալու հետ երկու երկրների համագործակցությունը կարող է մրցակցության վերածվել: Առաջին պլան եկող գլխավոր հարցը դերն է, որը կստանձնի «Դեմոկրատական միություն» կուսակցությունն այդ գործընթացում և նոր Սիրիայում: Ղրիմի հարցը նույնպես շարունակում է խնդրահարույց մնալ երկկողմ հարաբերություններում: Այդ երկու թեմաները Մոսկվան և Անկարան օգտագործում են որպես հաղթաթուղթ իրար դեմ: Երբ Անկարան օրակարգում երբեմն բարձրացնում է Ղրիմի թեման, Մոսկվան խաղարկում է քրդական խաղաքարտը: Թեև առայժմ այդ հարցերը լուրջ տարաձայնությունների չեն բերում ռուս-թուրքական հարաբերություններում, ընդհանուր առմամբ, Սիրիան և Ղրիմը խնդիրներ են, որոնք կարող են ազդել ոչ միայն С-400-ի գործարքի ճակատագրի վրա, այլև ռուս-թուրքական համագործակցության ապագայի վրա:
Մինչ Հնդկաստանին և Սաուդյան Արաբիային չի խանգարում Չինաստանից հետո ձեռք բերել С-400, Թուրքիայի մասին չի կարելի նույնն ասել: ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը, գոյություն ունեցող պաշտպանական համակարգի հետ С-400-ի համատեղելիության անհնարինությունը, խնդրի բազմապլան քաղաքական չափումը բարդացնում են գործարքը կյանքի կոչելը: Միևնույն ժամանակ, փաստացի արդյունքը որոշում են ոչ այնքան այս գործոնները, որքան այն, թե Թուրքիան առաջիկա ամիսներին ինչպես կզարգացնի իր հարաբերություններն Արևմուտքի և Ռուսաստանի հետ: