ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ջերմ ողջույններ է հղել` Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ բոլոր պայմանավորվածությունների կատարմանը:
«Մենք նաև գոհունակությամբ նշում ենք ապրանքաշրջանառության աճը: Մեր վիճակագրության համաձայն` առաջին 9 ամսում` ավելի քան 60 տոկոս: Սա շատ լուրջ քայլ է մի քանի տարիների ընթացքում շրջանառության կրճատման միտումը վերականգնելու ուղղությամբ»,- ասել է Լավրովը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, «շահագրգռված է լուծում գտնել և նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացին»: Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում` Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով՝ հանդիպումը հնարավորություն է նաև քննարկելու երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման հարցերը: Նա նշել է, որ Ադրբեջանը բավարարված է նրանով, թե ինչպես են դասավորվում միջպետական հարաբերությունները, որոնք ընդգրկում են բոլոր ոլորտները և լավ դինամիկա ունեն:
Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատում է ռազմավարական գործընկերների հարաբերություններ: