Երևանի ժամանակով ժամը 08.50-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում հավաքվել է 11 963 709 դոլար։
Հեռուստամարաթոն 2017-ի թեման «Բերքառատ Արցախն» է։ Հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի, նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։
Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ 25 տարում հիմնադրամը 700 000 նվիրատուների շնորհիվ 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:
Անցած տարի «Իմ Արցախը» խորագրով հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 15 428 777 ԱՄՆ դոլար։ Գումարն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը։
Նվիրատվություններ հնարավոր է կատարել հիմնադրամի կայքում։