Բիշքեկում տեղի է ունեցել Ղրղզստանի նորընտիր նախագահ Սորոնբայ Ժենբեկովի երդմնակալությունը: Նա 2016-ի ապրիլից 2017-ի օգոստոսը եղել է վարչապետ: Հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններում հաղթել է՝ ստանալով ձայների 54 տոկոսը: Ընդդիմախոսները պնդում են, որ Ժենբեկովի հաղթանակը հնարավոր է դարձել պետական ռեսուրսների օգտագործման շնորհիվ: Նրա գլխավոր մրցակից Օմուրբեկ Բաբանովը ստացել է ձայների մեկ երրորդը և հայտարարում էր, որ քվեարկությունը անցել է աղաղակող խախտումներով:
Միջազգային դիտորդների գնահատմամբ՝ հոկտեմբերի 15-ի ընտրությունները մրցակցային և թափանցիկ էին, սակայն քվեների հաշվարկի ընթացքում արձանագրվել են «բազմաթիվ և էական խնդիրներ», «պետական ռեսուրսի չարաշահում, ընտրողների վրա ճնշումներ, ընտրակաշառքի դեպքեր»:
Սա Կենտրոնական Ասիայում 1991-ից հետո իշխանության առաջին խաղաղ փոխանցումն է: Նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը մտադիր է հանգստանալ, վերականգնել առողջությունը և զբաղվել երաժշտությամբ: