ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն աջակցում է տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, համաձայնագրի ստորագրումից հետո ասաց ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
«Մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»` ասաց Մոգերինին և ընդգծեց, որ ԵՄ-ն առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրում մի երկրի հետ, որը ԵԱՏՄ անդամ է: Մոգերինիի խոսքով, այժմ կարևոր է, որ ԵՄ-ն և Հայաստանը միասին գործնական քայլեր ձեռնարկեն համաձայնագիրը կյանքի կոչելու ուղղությամբ:
Նա նշեց նաև, որ պարբերաբար մոնիթորինգ է իրականացվելու համաձայնագրի կատարման աշխատանքների վերաբերյալ: Ֆեդերիկա Մոգերինին շեշտեց, որ համաձայնագիրը ենթադրում է սերտ համագործակցություն տրանսպորտի, էներգետիկայի, մարդկանց տեղաշարժի, բիզնեսի և ներդրումների, առևտրի ոլորտներում։