Անցած գիշեր Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսել են, հիմնականում Սիրիայի մասին: «Նախագահ Թրամփը հստակորեն հանձնարարել է ամերիկացի գեներալներին դադարեցնել սիրիացի քրդերի «Ժողովրդական պաշտպանության ուժերի» սպառազինումը»` ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ կողմերը անդրադարձել են նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի վիզային ճգնաժամին: «Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ երկու դաշնակից պետությունները հետագայում կկարողանան խուսափել նման ճգնաժամերի կրկնությունից»` ասել է Չավուշօղլուն:
ԱՄՆ-ը կդադարեցնի Սիրիայում քուրդ զինյալներին զենքի մատակարարումները, հայտնել է Associated Press-ը: Տեղեկությունը հաստատել է Սպիտակ տունը՝ հաղորդագրություն տարածելով հեռախոսազրույցի մասին և նշելով, որ Թրամփը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին «Սիրիայում մեր գործընկերներին տրամադրվող ռազմական աջակցության վերաբերյալ սպասվող փոփոխությունների մասին»: Սպիտակ տունը նշել է, որ այդ քայլը համապատասխանում է ԱՄՆ վարչակազմի քաղաքականությանը և հիշատակել է ԻՊ ահաբեկչական խմբավորման նախկին մայրաքաղաք Ռաքքայի ազատագրումը: Թրամփի վարչակազմը մայիսին հայտարարել էր, որ կսկսի զինել քրդերին Ռաքքայի ազատագրման համար մարտերից առաջ: Այս քայլը կարող է օգնել կարգավորել ԱՄՆ-ի և Թուրքիայի լարված հարաբերությունները, որոնք կտրուկ հակադրվում էին ԻՊ-ի դեմ պայքարի մեթոդների հարցում: