Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պնդել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի դուրս մղել Իրանի ռազմական խորհրդատուներին և մարտիկներին Սիրիայից: Հռոմում կոնֆերանսի ժամանակ նա ասել է. «ԱՄՆ-ը և ՌԴ-ն չեն կարող որոշել Իրանի փոխարեն: Մենք այնտեղ ենք Սիրիայի կառավարության խնդրանքով․ դա մեր տարածաշրջանն է, դա Պարսից, այլ ոչ թե Մեքսիկական ծոցն է»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Իրանին Սիրիայից հեռացնելու հարցում ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայի և Իսրայելի աջակցությունն է ստացել սիրիական ճգնաժամի կարգավորման՝ ՄԱԿ-ի կողմից հովանավորվող բանակցային գործընթացում: Ռուսաստանը կողմ է Իրանի ներկայությանը Սիրիայում, թեև ԱՄՆ պաշտոնյաները մեծ հույս ունեն ստանալ նաև Մոսկվայի աջակցությունը:
«Մենք խնդիր ունենք Վաշինգտոնից ուղղորդվող քաղաքականության հետ, վստահ եմ, որ այն վտանգավոր է, իմպուլսիվ և իրականության հետ աղերս չունեցող»,- նշել է Մոհամադ Ջավադ Զարիֆը: