ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հաջորդ շաբաթ Վիեննայում կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ օրակարգում ունենալով Սիրիայի և ՈՒկրաինայի խնդիրները, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան մի պաշտոնյա։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Վիեննայում` ԵԱՀԿ-ի շրջանակներում։
«Մենք ռուսների հետ բավական ակտիվ քննարկումներ ենք վարում բազմաթիվ համաշխարհային խնդիրների շուրջ՝ [Հյուսիսային Կորեա], ՈՒկրաինա, և իհարկե՝ Սիրիա»,- հավելել է պաշտոնյան, երբ նրան հարցրել են` Թիլերսոնը Եվրոպա այցի ժամանակ անդրադառնալու՞ է Սիրիայում 6 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին։ Դեկտեմբերի 4-8- ին ԱՄՆ պետքարտուղարը այցելելու է Բրյուսել, Վիեննա և Փարիզ՝ ՆԱՏՕ֊-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ֊-ի մի շարք հանդիպումների մասնակցելու։ Պետդեպի պաշտոնյան նաև հավաստիացրել է, որ ՈՒկրաինան «օրակարգի առանցքային թեմաներից է լինելու» ԵԱՀԿ֊-ում հանդիպումների ժամանակ։ «ԵԱՀԿ-ն ՈՒկրաինայում գործունեություն է ծավալում, մասնավորապես՝ Հատուկ դիտարկման առաքելության միջոցով»,- հիշեցրել է պաշտոնյան։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին պաշտոնանկելու մասին մամուլում շրջանառվող լուրերը: Թվիթերի իր էջում Թրամփը գրել է. «Լրատվամիջոցները շահարկում են, թե ես պաշտոնանկ եմ արել Ռեքս Թիլերսոնին և նա շուտով հրաժարական կտա: Կեղծ լուր է: Նա չի հեռանա և չնայած որոշ հարցերի շուրջ տարաձայնություններին՝ մենք միասին լավ աշխատում ենք»: