ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Փախստականների և միգրանտների նյույորքյան հռչակագրից: Նրա խոսքով՝ երկրում ներգաղթային քաղաքականության որոշումները մշտապես պետք է միայն ամերիկացիներն ընդունեն: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միգրանտների հռչակագիրն ընդունել է 2016-ի սեպտեմբերի 19-ին: Փաստաթղթի համաձայն՝ անդամ երկրները իրենց երկրներ ժամանող միգրանտների համար պետք է «արժանավայել և ժամանակին ընդունում» ապահովեն: Պարտավորվել են նաև պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները, պայքարել մարդկանց առևտրի և միգրանտների ապօրինի տեղափոխման դեմ:
ՄԱԿ-ն ափսոսում է միգրացիայի մասին գլոբալ պայմանագրին մասնացելուց ԱՄՆ-ի հրաժարվելու համար, որը ծրագրվել է ընդունել 2018-ին` նշված է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակի հայտարարության մեջ: Փախստականների և միգրանտների մասին հռչակագրում ՄԱԿ-ի անդամ երկրներն ընդունել են, որ ոչ մի երկիր չի կարող ինքնուրույն կառավարել միջազգային միգրացիան, նրանք հավատարմություն են հայտնել միգրացիայի գլոբալ կառավարման ամրապնդմանը: Դրանից ելնելով՝ անդամ երկրները որոշել են ամենաբարձր մակարդակով գործընթաց սկսել, որը կհանգեցնի 2018-ին գլոբալ պայմանագրի ընդունմանը: Այս գործընթացում ԱՄՆ-ի դերը վճռորոշ նշանակություն ունի, քանի որ երկիրը պատմականորեն մարդկանց ընդունել է ամբողջ աշխարհից և մեծ թվով միգրանտների համար տուն է դարձել: «Միացյալ Նահանգները փորձ և գիտելիքներ ունի, որ այս գործընթացը հաջող արդյունքներ ունենա»,- հստակեցվում է հայտարարության մեջ:
Լայչակը հավելել է, որ միգրացիան գլոբալ երևույթ է, որը արձագանքման գլոբալ միջոցառումներ է պահանջում, և բազմակողմանի մոտեցումը համաշխարհային մասշտաբի հիմնահարցի լուծման լավագույն միջոցն է: Սրա հետ կապված նա բոլոր անդամ երկրների աջակցության հույս ունի այս բարդ խնդրում ընդհանուր ըմբռնման հասնելու համար: «ՄԱԿ-ն այս հնարավորությունը չպետք է բաց թողնի ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց կյանքը բարելավելու համար»,- ընդգծված է հայտարարության մեջ: