ՍԾՏՀԿ ԽՎ շրջանակներում կազմակերպության կանոնադրությանը և սկզբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են և հարված են հասցնում կառույցի հեղինակությանը` հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդունելով ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին:
Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները և, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը: Մայքլ Քրիստիդիսը գոհունակություն է հայտնել ՍԾՏՀԿ շրջանակում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։ Զրուցակիցներն անդրադարձել են ՍԾՏՀԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահությանը և առաջնահերթություններին, քննարկել ՍԾՏՀԿ շրջանակում փոխգործակցության առաջնային ուղղությունները, կազմակերպության բարեփոխումների հարցեր:
Անցած շաբաթ Կիևում ՍԾՏՀԿ ԽՎ լիագումար նիստի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը լքել էր դահլիճը՝ պարզելով, որ իր բացակայությամբ քննարկման արդյունքում «հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին»: «Մենք այդ գործելաոճը գնահատում ենք իբրև կառույցի ավանդույթների և էության ոտնահարում: Նման աշխատաոճն անընդունելի և դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար»,- հայտարարել էր ՍԾՏՀԿ-ում Հայաստանի պատվիրակությունը։