Սյունիքի մարզում խորհրդակցության ժամանակ հանձնարարականների կատարման ընթացքը վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նա զեկուցել է Սյունիքի մարզում ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ, որոնցից մի քանիսն արդեն ավարտին են մոտենում: Կապանի օդանավակայանի վերագործարկման ծրագրի շրջանակում արդեն ձեռք է բերվել ինքնաթիռը (5,5 մլն ԱՄՆ դոլար), ընթացքի մեջ են ընդհանուր շենքի շինարարական աշխատանքները (2,5 մլն ԱՄՆ դոլար), և նախատեսվում է 2018 թ. մայիս-հունիս ամիսներին ավարտել օդանավակայանի կառուցումը:
Ավարտվել են շուրջ 500 000 ԱՄՆ դոլար ներդրումային արժեքով իտալական պիցցայի գործարանի կառուցման աշխատանքները, որն ապահովելու է 100 աշխատատեղ, արտահանման հիմնական շուկան լինելու է Իրանը:
2018 թ. հունվարի վերջից Գեղի համայնքում կսկսի աշխատել ևս մեկ գործարան՝ մոտ 500 000 ԱՄՆ դոլար ներդրումային արժողությամբ տրիկոտաժի ֆաբրիկան, որը ևս ապահովելու է 100 աշխատատեղ, իսկ արտադրանքն արտահանվելու է ՈՒկրաինա: Ներկայում բանակցություններ են ընթանում նաև իտալացի գործընկերների հետ՝ Կապանում տրիկոտաժի մեծ արտադրություն բացելու նպատակով. այն ապահովելու է 600-ից ավելի աշխատատեղ: Դեկտեմբերի երկրորդ կեսին Կապանում բացվելու են մուլտիբրենդային աութլեթ խանութների համալիրը և ժամանակակից տեխնիկայով հագեցած կինոթատրոն: Մարզպետը նշել է, որ 2017 թ. ներդրումների ծավալը գերազանցում է 10 մլն ԱՄՆ դոլարը, իսկ 2018 թ. նախատեսվում է թիվը կրկնապատկել: Վահե Հակոբյանը նշել է, որ մարզում ակտիվ գործունեություն է ծավալում Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամը, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրամի հետ համատեղ մարզում 2,5 մլրդ ՀՀ դրամին համարժեք սոցիալական բնույթի ծրագրեր է իրականացրել: