Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) ԱԳ նախարարները ԱՄՆ-ից պահանջել են հետ կանչել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը, համարելով մահացու սխալ, որը Վաշինգտոնը դնում է «զավթիչների հետ» մեկ աստիճանի վրա, տեղեկացնում է Associated Press-ը։ ԱԳ նախարարները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են արել ընդունել Երուսաղեմի առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը դատապարտող բանաձև, թեև ընդունել են, որ Վաշինգտոնը կարգելափակի փաստաթուղթը։ Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ ալ Մալիքին ասել է` եթե ԱՄՆ-ն արգելափակի բանաձևի ընդունումը ՄԱԿ-ի ԱԽ-ում, արաբական երկրները կպնդեն, որ բանաձևն ընդունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան։
Արաբական երկրների ԱԳ նախարարները Կահիրեում շտապ խորհրդակցություններ են անցկացրել դեկտեմբերի 9-ին: Նախարարների ընդունած բանաձևում չի խոսվում ԱՄՆ-ի նկատմամբ ինչ-որ պատժամիջոցների, օրինակ, ամերիկյան ապրանքների բոյկոտի կամ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի ցածրացման մասին, թեև ԱԵԼ-ի որոշ անդամներ պնդել են պատժամիջոցների մասին, սակայն նրանք փոքրամասնություն են կազմել։ Ընդունված փաստաթղթերը հարաբերականորեն զուսպ են Պաղեստինը ողողած զանգվածային բողոքների ֆոնին, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ ԱԵԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը հաստատել է, որ հանդիպմանն ընդունված որոշումները ամբողջությամբ չեն արտացոլի փողոցներում տեղի ունեցողը։ «Երուսաղեմը զավթված է վերջին 50 տարիների ընթացքում։ Սա երկարատև պայքար է, և մեզ իրավիճակի հետագա սրում է սպասում»,- հայտարարել է նա։