Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս ունի, որ Եվրամիության անդամ պետությունների մեծ մասը կհետևի Վաշինգտոնի օրինակին` Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը մի քայլ էր, որ կարող է նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը»,- ասել է Նեթանյահուն Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ:
Դիմելով Պաղեստինի ինքնավարության ղեկավարներին` Նեթանյահուն կոչ է արել հաշտվել քաղաքական իրողությունների հետ: «Պաղեստինցիները պետք է ճանաչեն հրեական պետության գոյությունը և Երուսաղեմը այդ պետության մայրաքաղաք»,- նշել է Իսրայելի վարչապետը: Նեթանյահուն Իսրայելի առաջին վարչապետն է, որ այցելում է Բրյուսել 1995-ից ի վեր: