ՈՒկրաինայի Պեչորսկի շրջանի դատարանի դատավոր Լարիսա Ցոկոլը մերժեց դատախազների միջնորդությունը՝ ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ տնային կալանք սահմանելու մասին` ճանապարհ հարթելով նրա ազատ արձակման համար։
Նոր ուժերի շարժման առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 8-ի երեկոյան և տեղափոխվել Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր մեկուսարան, որտեղ նա հացադուլ է հայտարարել։ ՈՒկրաինայի իշխանությունները Սաակաշվիլուն մեղադրում են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանցավոր խմբի աջակցությամբ ՈՒկրաինայում հեղաշրջում ծրագրելու մեջ և պնդում են, որ Սաակաշվիլու բողոքի ակցիաները ՈՒկրաինայի դեմ Ռուսաստանի դավադրության մաս են։