ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու միջազգային քաղաքական օրակարգի մի շարք ճգնաժամային հարցեր՝ այդ թվում նաև Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը: «Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական հարցեր, ճգնաժամային կետերում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորումը»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում: Ըստ Կրեմլի` հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շփումների շարունակման վերաբերյալ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսնակ Սառա Սանդերսը մանրամասնել է, որ նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին դեկտեմբերի 14-ին կայացած տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ տնտեսական բարձր ցուցանիշների մասին փաստելու համար: Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Թրամփի կառավարման օրոք Մոսկվան օբյեկտիվորեն տեսնում է բավական լուրջ տնտեսական ձեռքբերումներ: Պուտինի կարծիքով՝ դա վկայում է ներդրողների՝ ամերիկյան տնտեսության նկատմամբ վստահության մասին: