ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 18-ին կուսումնասիրի իրավիճակը Երուսաղեմի շուրջ, որը ձևավորվել էր քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո, արդեն տարածվել է բանաձևի նախագիծ, որն անվավեր է ճանաչում Երուսաղեմի ներկայիս կարգավիճակի փոփոխումը։ Պաղեստինի նախապատրաստած բանաձևի նախագիծն Անվտանգության խորհուրդ է մտցրել Եգիպտոսի պատվիրակությունը։ Համաձայն փաստաթղթի՝ Երուսաղեմի կարգավիճակի որևէ փոփոխություն չունի իրավական ուժ։ Փաստաթուղթը նաև խնդրում է բոլոր երկրներին չընդունել գործողություններ, որ հակասում են համապատասխան բանաձևերին, զերծ մնալ Երուսաղեմում դիվանագիտական առաքելություններ բացելուց։ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Դանի Դանոնը հայտարարել է, որ Երուսաղեմը կա և կշարունակի մնալ Իսրայելի մայրաքաղաք՝ անկախ, թե ինչ որոշում կկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խնդրի վերաբերյալ:
Նա դժգոհություն է հայտնել, որ Երուսաղեմի խնդրի վերաբերյալ բանաձևի նախագիծը ՄԱԿ-ում քվեարկության է դրվում հրեական Խանուկա տոնի օրերին, երբ հրեաները նշում են մ.թ.ա 2-րդ դարում Երուսաղեմի ազատագրումը: «Ոչ մի քվեարկություն չի կարող փոխել իրականությունը, մենք և մեր դաշնակիցները կշարունակենք պայքարել պատմական արդարության համար»,- ասել է Դանոնը: