«Ռուսական կողմին ծրագրվող ահաբեկչության մասին ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության տեղեկատվության փոխանցումը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցության իդեալական օրինակն է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա հայտնել է, որ երկու երկրների հատուկ ծառայությունների շփումներ նախկինում էլ եղել են, բայց կոնկրետ այս շփման արդյունքում մարդկային կյանքեր են փրկվել։ Պեսկովը հիշեցրել է Պուտինի խոսքերը՝ որևէ երկիր այսօր չի կարող ինքնուրույն արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ։
ԱՄՆ ԿՀՎ-ի շնորհիվ ՌԴ հատուկ ծառայությունները կարողացել են կանխել Սանկտ Պետերբուրգում ծրագրվող մեծ ահաբեկչությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և շնորհակալություն հայտնել նրան ու ԿՀՎ-ին տվյալները փոխանցելու համար: Պուտինի խոսքով` տեղեկատվությունն օգնել է Ռուսաստանի հատուկ ծառայություններին կանխելու ահաբեկչական հարձակումը և ձերբակալելու ահաբեկիչներին, որ պատրաստում էին հարձակումներ, նաև Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի Կազանյան տաճարում: Պուտինը հավաստիացրել է Թրամփին, որ եթե ռուսական հատուկ ծառայությունները ունենան ԱՄՆ-ի դեմ պատրաստվող ահաբեկչության տվյալներ, անհապաղ կփոխանցեն ամերիկյան կողմին: