Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլերին, որը Հայաստան է ժամանել մասնակցելու «ՆԱՏՕ-ի շաբաթին»։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բնականոն, և շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Զրուցակիցները ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները՝ 2011-ին, երբ Ռոուզ Գետեմյուլերը ԱՄՆ պետքարտուղարի օգնականն էր, և փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ:
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններից բացի հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նախագահից հետաքրքրվել է Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում կառավարման նոր համակարգի անցնելու կապակցությամբ իրականացվող գործընթացներով:
Ռոուզ Գետեմյուլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանին վճռական ու հետևողական աջակցության համար, որ իրականացնում է միջազգային խաղաղապահ գործողություններին ակտիվ մասնակցությամբ՝ իր կարևոր ներդրումն ունենալով միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման գործում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման մասին՝ նշելով, որ հաջողությամբ իրականացվել է չորս ծրագիր, և արդեն հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019-ի հինգերորդ ծրագիրը։