Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կարիերայի կենտրոնը դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-16.30 կազմակերպում է «Սուրբ Ծննդյան տոնը տարբեր երկրներում» միջոցառումը, որը տեղի կունենա ԵՊԼՀ Գրադարանի մասնաշենքի նիստերի դահլիճում:
ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը վերաբացվել է 2009-ին: Կարիերայի կենտրոնը ներհամալսարանական միակ կառույցն է, որը զբաղվում է ԵՊԼՀ շրջանավարտների և ուսանողների մրցունակության զարգացման, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդման ու համագործակցության զարգացման հարցերով։ ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը համագործակցում է ՀՀ պետական և մասնավոր ընկերությունների և ձեռնարկությունների, նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և ծրագրերի հետ։ Այն ակտիվորեն ներգրավված է Եվրամիության կորմից ֆինանսավորվող ERASMUS+ ծրագրի բոլոր հիմնական գործողություններում:
Ներկայումս Կարիերայի կենտրոնում իրենց ծառայությունն են իրականացնում 5 EVS (Եվրոպական Կամավորական Ծառայություն) և 2 Civic Service (Քաղաքացիական Ծառայություն) կամավոր: Կամավորները ծանոթացնում են իրենց մշակույթին և ավանդույթներին, ինչպես նաև իրականացնում ոչ-ֆորմալ լեզվի դասեր ուսանողների, շրջանավարտների և բուհի աշխատակիցների համար: Նախկին Խորհրդային Միության տարացքում ԵՊԼՀ-ն միակ բուհն է, որն այդպիսով փորձում է համատեղել ֆորմալ և ոչ-ֆորմալ կրթությունը:
Դեկտեմբերի 19-ին կայանալիք միջոցառման ընթացքում կներկայացվեն Իտալիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Սլովակիայի, Ռումինիայի, Լեհաստանի և Հայաստանի Սուրբ Ծննդյան ավանդույթները, խաղերը, ուտեստները, երաժշտությունը և այլն: Կլինեն նաև անակնկալներ: