Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դոնալդ Թրամփ․ Ռուսաստանն ու Չինաստանն են ԱՄՆ-ի երկու հիմնական մրցակիցները

Դոնալդ Թրամփ․ Ռուսաստանն ու Չինաստանն են ԱՄՆ-ի երկու հիմնական մրցակիցները
20.12.2017 | 02:53

ԱՄՆ անվտանգության նոր ռազմավարության հիմքում նախագահ Թրամփի նախընտրական կարգախոսն է՝ «America first»` «Նախ և առաջ Ամերիկան»: Երեկ, հրապարակելով փաստաթուղթը, Սպիտակ տան ղեկավարը պնդեց՝ Չինաստանն ու Ռուսաստանն են ԱՄՆ-ի 2 հիմնական մրցակիցները, զգուշացնելով՝ ԱՄՆ-ը խաղի մեջ է և պատրաստվում է հաղթել:

«Մրցակից երկրները՝ Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են մարտահրավեր նետել ամերիկյան ազդեցությանը, արժեքներին ու հարստությանը: Մենք կփորձենք համագործակցել այս և մյուս երկրների հետ, սակայն այնպես, որ դա մշտապես բխի մեր ազգային շահից»,- հայտարարեց Դոնալդ Թրամփը: «Չինաստանն ու Ռուսաստանը հաստատակամորեն ուզում են ավելի անազատ ու անարդար դարձնել տնտեսական դաշտը, ավելացնել ռազմական ներուժը և վերահսկել տեղեկատվական հոսքերը՝ իրենց երկրում հասարակությանը ճնշելու և երկրից դուրս ազդեցությունն ընդլայնելու համար»,- ասված է ազգային անվտանգության նոր՝ 68-էջանոց հայեցակարգում: ԱՄՆ-ին սպառնացող վտանգների շարքում են Հյուսիսային Կորեան, Իրանն ու ծայրահեղական ահաբեկիչները` փաստեց նախագահ Թրամփը՝ խոստանալով անողոք պայքար հանուն անվտանգության: «ԱՄՆ-ը և մեր դաշնակիցները կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը հասնելու համար, որ այդ վարչակազմը այլևս չկարողանա սպառնալ աշխարհին: Այս խնդրով վաղուց էր պետք զբաղվել՝ իմ նախագահությունից առաջ դեռ, երբ լուծումը շատ ավելի հեշտ էր, սակայն դա չի արվել, և մենք ստիպված ենք հիմա դրանով զբաղվել, մենք այլընտրանք չունենք»,- ասաց ԱՄՆ նախագահը:


Նախորդ վարչակազմերի այս քննադատությունը միակը չէր. Թրամփը ելույթի մի ծավալուն մասը նվիրեց իր նախորդներին՝ պնդելով, թե նրանց քաղաքականության հետևանքով ԱՄՆ-ը ավելի խոցելի է դարձել՝ աշխարհի կողմից մեկուսացած երկրները սկսել են միջուկային ծրագրեր զարգացնել, ծայրահեղ ահաբեկչությունը ծաղկել ու բարգավաճել է: «Տարիներ շարունակ մեր քաղաքացիները հետևում էին Վաշինգտոնում նստած քաղաքական գործիչների՝ մեկը մյուսին հաջորդող հիասթափեցնող քայլերին, ես դա չեմ հանդուրժի»,- հայտարարեց Թրամփը, ընդգծելով՝ սպառնալիքները միայն արտաքին աշխարհից չեն: «Ամերիկան չի կարող անվտանգ լինել, քանի դեռ պաշտպանված չեն երկրի սահմանները»,- ասաց նա: «Առաջին անգամ անվտանգության ռազմավարությունը ներառում է նաև մեր հայրենիքը պաշտպանելու լուրջ ծրագիր, որը կոչ է անում պատ կառուցել մեր հարավային սահմանին, վերջ տալ շղթայական միգրացիային և վիզաների խաղարկության սարսափելի ծրագրերին, վերացնել սողանցքները, որոնք թուլացնում են մեր անվտանգությունն ու լրջորեն աջակցել մեր սահմանապահներին, իրավապահներին ու ներգաղթի հարցերով զբաղվող պաշտոնյաներին»:


Նահանգների անվտանգության նոր դոկտրինը կառուցված է 4 հիմնասյուների վրա՝ իսլամական ահաբեկչության դեմ պայքար ու միգրացիոն հոսքերի վերահսկողություն, էներգետիկ անվտանգություն, բանակի լիակատար արդիականացում ու աշխարհում Ամերիկայի ազդեցության ընդլայնում:
«Մենք համոզված ենք, որ թուլությունը հաստատ հանգեցնելու է հակամարտության, և անհաղթելի հզորությունն է պաշտպանության ամենագործուն միջոցը: Այդ իսկ պատճառով, մեր ռազմավարությունը հետ է կանգնում պաշտպանության ծախսերը կրճատելու վնասարար ծրագրերից, մենք պատրաստվում ենք դրանցից ձերբազատվել»,- շեշտեց Դոնալդ Թրամփը:
Չինաստանի ու Ռուսաստանի արձագանքը չուշացավ:
«Անշուշտ, մենք չենք կարող համաձայնել պնդումներին, թե Ռուսաստանը սպառնալիք է ԱՄՆ-ի անվտանգությանը: Ընդհանուր առմամբ, ակնհայտ է փաստաթղթի կայսերական բնույթը, Վաշինգտոնը մտադիր չէ հրաժարվելու միաբևեռ աշխարհից, ընդ որում՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ը հաստատակամորեն չի ուզում ընդունել բազմաբևեռ աշխարհի գաղափարը»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


Չինաստանն էլ հորդորել է Թրամփին մրցակիցներ փնտրելու և պայքարելու փոխարեն համագործակցել: Դրանից կշահեն բոլոր կողմերը՝ հայտարարել է ԱԳՆ խոսնակ Հուա Չյունինգը: «Չինաստանի ու ԱՄՆ-ի համագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է, որը կարող է տանել ավելի լավ ապագայի: Զարմանալի չէ, որ երկու տերությունները կարող են տարաձայնություններ ունենալ, սակայն նրանք պետք է կառուցողական քայլեր ձեռնարկեն ու համարժեք արձագանքեն դրանց՝ հարգելով միմյանց շահերն ու հիմնական մտահոգությունները: Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին չաղավաղել Չինաստանի ռազմավարական նպատակները և հրաժարվել սառը պատերազմի հնացած գաղափարներից: Հակառակ դեպքում Նահանգները կվնասի ինքն իրեն ու աշխարհի մյուս պետություններին»,- ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը:

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ