Եվրամիությունը հայաստանյան տարբեր ոլորտներին հատկացվող աջակցության չափը ավելացնելու է 20-25 տոկոսով: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Հայաստանը նախաձեռնել է շատ հավակնոտ բարեփոխումների շրջանակ, որը վերաբերում է տարբեր ոլորտներին` մարդու իրավունքներից մինչև տնտեսության զարգացում: Որպես Եվրամիություն՝ մենք առաջնահերթ ենք համարում այս գործընթացում ֆինանսական օժանդակության ցուցաբերումը»,- նշեց Պյոտր Սվիտալսկին՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Եվրամիության նոր համաձայնագիրը կնպաստի երկկողմ համագործակցության ընդլայնմանը: