Ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու սովորույթը կարծես թե Անկարայի բնավորության գիծ է դառնում` հունական «Էթնոս» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Հունաստան այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Լոզանի պայմանագիրը վերանայելու պահանջին:
Թերթի հարցին, թե ի՞նչ մոտեցում ունի Հայաստանը պայմանագրերի «վերանայմանը», Նալբանդյանը, հայտարարել է․ «Ես չէի ցանկանա մեկնաբանել որևէ կոնկրետ պայմանագիր կամ կոնկրետ հայտարարություն: Այնուամենայնիվ, ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելու սովորույթը կարծես թե Անկարայի բնավորության գիծ է դառնում: Մենք կարող ենք հեշտությամբ հիշել այլ օրինակներ, երբ Թուրքիան չի հարգել համաձայնագրերի տակ դրված իր ստորագրությունը: Ի թիվս այլոց, մենք կարող էինք հիշել Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ուղղված էին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը»:
Մեկնաբանելով Թուրքիայում իշխանամետ գործիչների պնդումները, թե իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը «հայ» է՝ ներկայացնելով դա որպես մեղադրանք, Էդվարդ Նալբանդյանն անհանդուրժողականության մեջ է մեղադրել թուրք քաղաքական գործիչներին: «Ցավոք, սա հայերին իրենց հակառակորդների կամ նույնիսկ թշնամիների հետ նույնականացնելու որոշ թուրք քաղաքական գործիչների դարավոր սովորույթի ևս մեկ ապացույց է: Ավելին, նրանք երբեմն շատ ավելի հեռու են գնում՝ հայ լինելը համարելով վիրավորանք, ինչը պարզապես անհանդուրժողականության և ռասիզմի դրսևորում է»,- նշել է նա:
Թերթի խնդրանքով Նալբանդյանը նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու որոշումը:
«Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմամշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ հետևում ենք Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»,- փաստել է նա: «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար»: