Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երեք նախարարները հանդիպել են Բաքվում

Երեք նախարարները հանդիպել են Բաքվում
21.12.2017 | 00:20

Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիպել են Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, հանդիպումից հետո Էլմար Մամեդյարովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն հայտարարել են, թե ցանկանում են ընդլայնել եռակողմ համագործակցությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում:
Երեք երկրների նախարարները 2011-ից հանդիպում են արդեն հինգերորդ անգամ:
Ամփոփելով բանակցությունները՝ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է մեծացնել Ադրբեջանից և Իրանից գնվող գազի ծավալները:


«Իրանն ու Ադրբեջանը կարևոր երկրներ են էներգետիկ ռեսուրսների տեսանկյունից»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը, հույս հայտնելով, որ հաջորդ տարի կողմերին կհաջողվի ավարտին հասցնել Տրանսանատոլիական գազատարի՝ «Տանափի» շինարարությունը: Վրաստանի և Թուրքիայի տարածքով անցնող այս խողովակաշարով Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Շահ Դենիզ հանքավայրում արդյունահանված գազը կմատակարարվի Հարավային Եվրոպայի շուկաներ` թուլացնելով ԵՄ պետությունների կախվածությունը ռուսական էներգակիրներից: Հայաստանը շրջանցող հերթական այս նախագիծը, ըստ նախնական հաշվարկների տարեկան առնվազն 16 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու հնարավորություն կստեղծի: Գազատարի շինարարությամբ Թուրքիան հույս ունի մի կողմից բավարարել սեփական սպառողների աճող պահանջարկը, մյուս կողմից` դառնալ երկնագույն վառելիքի վաճառքով զբաղվող հիմնական միջնորդ պետություններից մեկը:


Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում են Մերձավոր Արևելքում աննախադեպ լարվածության ֆոնին, որն առաջացել է ԱՄՆ-ի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման պատճառով: Այդ երեք երկրները նախագահների մակարդակով արդեն իսկ դատապարտել են ամերիկյան կողմի այդ քայլը: ԱԳ նախարարները պայմանավորվել են կողմ քվեարկել ՄԱԿ-ի բանաձևի նախագծին, որով առաջարկվում է մերժել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը: Բանաձևը Անվտանգության խորհրդում անցած օրերին տապալվեց Վաշինգտոնի վետոյով։ Այժմ հարցը մտցվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգ:

Դիտվել է՝ 1087

Մեկնաբանություններ