«Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը պատմական հանգրվան է մեր հարաբերությունների մեջ»` Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց հանձնաժողովի համանախագահ Սաջաթ Քարիմը:
«Համաձայնագիրը իրականացնելու համար դեռ զգալի աշխատանք պետք է կատարվի, սակայն այն լավ հիմքեր է ստեղծում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելու համար»,- հավելեց եվրոպացի պաշտոնյան՝ շարունակելով․ «Համաձայնագիրը ներառում է շատ լավ հիմքեր նաև հատուկ ծրագրերին ֆինանսական օժանդակության ցուցաբերման համար։ Մենք ավանդաբար «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով ենք աշխատել, որն իր հետ պայմաններ է բերում։ Հայաստանն այդ առումով պետք է ցույց տա, առաջընթաց ունի այն ոլորտներում, որոնց շուրջ մենք միասնաբար համաձայնության ենք եկել: Բայց որ ամենակարևորն է՝ բոլոր այդ ոլորտները հիմնված են այն բանի վրա, թե հենց Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, և հայաստանցիները ինչպես կցանկանային տեսնել իրենց ապագա զարգացման ուղղությունը: Եվրամիությունը պատրաստ է պատշաճ աջակցություն տրամադրել այդ գործընթացին, քանզի հայերը ստանձնում են այս իրոք ֆանտաստիկ ճանապարհորդությունը, որով երկիրը առաջ է շարժվելու և դառնալու է այնպիսին, ինչպիսին ինքն է պատկերացնում»:
Անդրադառնալով Հայաստանի որդեգրած «և - և»-ի քաղաքականությանը Արևմուտք - Ռուսաստան լարված հարաբերությունների պայմաններում` Սաջադ Քարիմն ասաց․ «Մենք տեսնում ենք, որ Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առումով Հայաստանը լրիվ նոր մի բան է անում: Հայաստանը Եվրասիական միության անդամ առաջին երկիրն է, որ միաժամանակ խորացնում է հարաբերությունները նաև Եվրամիության հետ, և որևէ կերպ այս երկու հարաբերությունները իրար չեն հակադրվում: Հայաստանը ցույց է տալիս, որ ի զորու է սեփական որոշումներ կայացնել որպես ինքնիշխան պետություն՝ շատ հստակ ձևակերպելով նաև իր ապագա ձգտումները և դրանք համադրելով իր աշխարհագրական դիրքի հետ: Եվ սա Հայաստանին իրոք ուժեղ դիրքերում է դնում»: