ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է ֆինանսական աջակցությունից զրկել այն երկրներին, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշմանը դեմ կքվեարկեն։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, արաբական և մահմեդական երկրների պահանջով, այսօր հատուկ արտահերթ նիստ կգումարի այս հարցով:
«Նրանք վերցնում են միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր դոլարներ և հետո մեր դեմ քվեարկում: Թող մեր դեմ քվեարկեն, մենք ահագին փող կխնայենք: Մեզ դա չի հետաքրքրում»` Սպիտակ տանը հայտարարել է Թրամփը: ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիյադ Մանսուրը հայտարարել է, որ ՄԱԿ-ի անդամ 193 երկրները կքվեարկեն Թրամփի որոշումը չեղարկելու կոչ անող բանաձևի շուրջ: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին Թվիթերում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱՄՆ-ը մտապահելու է նրանց, ովքեր դեմ կքվեարկեն Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ ժողովրդի ընտրությանը: