Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը միշտ ձգտել է մուսուլմանական առաջնորդի տեղ զբաղեցնել, որ պաշտպանում է պաղեստինցիներին և սրբավայրերը Երուսաղեմում: ՈՒստի թուրք ղեկավարի ներկա հիստերիայի ալիքը ոչ ոքի չի զարմացնում: Ժամանակակից թուրք «սուլթանը» նաև լրացուցիչ պատճառներ ունի Իսրայելի դեմ հռետորության սրման համար, և այդ պատճառները կապ չունեն Տաճարի լեռան հետ` գրում է իսրայելական NRG պարբերականը:
Թեև թուրքական տնտեսությունը ծաղկում է (աճը տարվա վերջին եռամսյակում կազմել է 11 %), քաղաքական ղեկավարության դեմ միջազգային հետաքննություն է տարվում կոռուպցիայի կասկածանքով, իսկ Անկարայի հարաբերությունները Վաշինգտոնի հետ հասել են երկկողմանի դիվանագիտության պատմության մեջ զարգացման ամենացածր կետին: Նյու Յորքում սկսվել է դատական քննարկում թուրքական Halkbank-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մեհմեթ Հաքան Աթիլլայի գործով, որ, ամերիկացիների պնդմամբ, կապ ունի հակաիրանական պատժամիջոցների խախտման հետ: Դատական հետաքննության ընթացքում հետաքննության տակ գտնվող մեկ ուրիշը՝ ոսկու առևտրական Ռեզա Զարեբը, պնդում էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն իմացել է Իրանի հետ առևտրի մասին: Նրա վկայությունը զայրույթ և անհանգստություն է առաջացրել թուրք ղեկավարության շրջանում, բոլորին հայտնի են Զարեբի կապերն Անկարայում բարձրագույն պաշտոնյաների, ներառյալ՝ Էրդողանի և նրա ընտանիքի հետ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը պնդում է, որ դատարանն ԱՄՆ-ում «քաղաքական զրպարտություն է՝ զրկված որևէ իրավական հիմքից»: Թուրքիայի ընդդիմության ղեկավարները վերջերս հայտարարել են, որ Էրդողանի ընտանիքը միլիոնավոր դոլարներ է փոխանցել օֆշորային գոտի:
Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը տեղի ունեցավ Նյու Յորքում դատավարության սկսվելուց մի քանի օր անց: Դա Էրդողանին հնարավորություն տվեց հասարակության ուշադրությունը շեղել զարգացող կոռուպցիոն սկանդալից: Ազգայնական, հակաիսրայելական և հակաամերիկյան հռետորությունը բավական տեղին եղավ: Բացի դրանից՝ Անկարայի և Վաշինգտոնի միջև վերջին ամիսներին առանձնահատուկ լարվածություն է իշխում: ԱՄՆ դեսպանատունը Թուրքիայում հայտնել է, որ ինքը կկարողանա ԱՄՆ-ի վիզաներ ձևակերպել միայն 2019-ի սկզբից: Ամերիկացիները վիզաների տրամադրումը դադարեցրել են ԱՄՆ դեսպանատան 2 աշխատակցի ձերբակալության պատճառով: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ նրանք կապ ունեն ռազմական հեղաշրջման փորձի հետ: