Գերմանիան պետք է անի հնարավորը, որ երկրում թույլ չտա Թուրքիայի կողմից վախի մթնոլորտի ստեղծում` Deutsche Welle-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ծագումով թուրք, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որ մեծ ներդրում է ունեցել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում։
Նա մեկնաբանել է Եվրոպայում բնակվող հայերի, քրդերի ու ալևիների դեմ թուրք ազգայնականների կողմից մահափորձերի շարքի նախապատրաստման մասին Կարո Փայլանի նախազգուշացումը։ «Վերջերս դիտում էի Գերմանիա տեղափոխված պոլսահայ լրագրող, հայտնի մտավորական Հայկո Բաղդադի ելույթը, որ հանդես էր գալիս զրահաբաճկոնով՝ ելույթի նախօրեին սպառնալիքներ ստանալու պատճառով: Սա նորմալ չէ: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ թույլ չենք տալու վախի մթնոլորտի տարածում Գերմանիայում»,- ասել է Օզդեմիրը: Հիշեցնելով Հրանտ Դինքի սպանությունը, նա ասել է, որ այդ տեղեկությունն իրեն չի զարմացրել։